Հիմա մենք որոշում ենք՝ ԱԺ-ն այս հարցով դիմում է ՍԴ, թե չի դիմում. ԱԺ նախագահ
Ինչպիսի հանգուցալուծում կլինի՝ կախված է Սահմանադրական դատարանից։ Այս մասին այսօր խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի շուրջ քվեարկությունից հետո ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Հիմա մենք որոշում ենք՝ ԱԺ-ն այս հարցով դիմում է ՍԴ, թե չի դիմում։ Եթե որոշումն ընդունվի Ազգային ժողովում, հարցն արդեն կլինի Սահմանդրական դատարանի տիրույթում»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Դիտարկմանը՝ եթե ԱԺ քվեարկության արդյունքներով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվի, ապա այդ դեպքում ինչ կանեն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պետք է հասկանանք, թե պրոցեսը հիմա ինչպիսին պիտի լինի»։
Նա միաժամանակ նշեց, որ եթե որևէ բան նախաձեռնում են, ապա դա անում են իրավական կարգավորումների շրջանակում. «Բացառվում է իրավական կարգավորումներից դուրս որևէ քայլ ցանկացած հարցի պարագայում»։
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ ԱԺ չներկայանալուն, Արարատ Միրզոյանն ասաց, որ Ազգային ժողովը պատշաճ կերպով հրավիրել էր նրան ներկա գտնվել նիստին, պաշտպանել իր դիրքորոշումը, պատասխանել հարցերին։
Դիտարկմանը, թե հրավերը եղել է հոկտեմբերի 24-ի համար, ԱԺ նախագահը նշեց, որ դա վերաբերում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ուղարկված հրավերին։
«Ընդ որում, Հանձնաժողովից զանգել են ՍԴ աշխատակազմ և բանավոր հրավեր արել։ Դրան հաջորդել է էլեկտրոնային հրավերը, որտեղ սեպտեմբերի փոխարեն եղել է հոկտեմբեր: Ամեն դեպքում պետաիրավական հանձնաժողովը հրավիրելու պարտավորություն չի ունեցել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է երեկվա նիստին, Արարատ Միրզոյանը նշեց, որ ՍԴ նախագահին պատշաճ կերպով հրավիրել են, սակայն չի եկել՝ ներողություն խնդրելով միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
«Սա անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ՝ որպես ինստիտուտի և անհարգալից վերաբերմունք ԱԺ-ում մյուս քաղաքական ուժերի նկատմամբ: Այն հերթական անգամ ապացուցում է, որ շատ հստակ քաղաքական տարրեր կան Հրայր Թովմասյանի գործողություններում»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով ՍԴ նախագահի այն խոսքերին, թե «ՍԴ-ն մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է,որտեղ կանգնելը ինձ համար նույնն է, ինչ որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը», ԱԺ նախագահն նշեց, որ սա նշանակում է՝ ինքը հա՞յն է, իսկ նախաձեռնության հեղինակները՝ ադրբեջանցինե՞ր. «Սա ընդհանրապես ուրիշ քննարկման թեմա է, որին չեմ էլ ուզում անդրադառնալ»:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե «Իմ քայլը» փորձում է չեզոքացնել Հրայր Թովմասյանին, Արարատ Միրզոյանը նշեց, որ իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չունի ու չի ունեցել իր համար, այսպես կոչված, ենթադրյալ անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից։
«Ճիշտ հակառակը։ Մենք միշտ հանդես ենք եկել անաչառ, օբյեկտիվ, արդար դատական համակարգ ունենալու օգտին: Եթե մենք այդպիսի մտադրություն ունենայինք, այս կամ այն կերպ այս ամիսների ընթացքում դա դրսևորված կլիներ: Հրայր Թովմասյանն ուներ շանս գլխավորելու անաչառ, օբյկետիվ, արդար դատական համակարգը, բայց իմ խորին համոզմամբ, նա այս ընթացքում արել է բաներ, որոնք պայմանավորված են եղել մտադրությամբ՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը: Ես երեկ և հիմա էլ պնդում եմ, որ Հրայր Թովմասյանն ունի նեղ քաղաքական, կուսակցական մոտիվացիա իր գործողություններում»,- հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը մեկնարկեց
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը՝ վաղը
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ լինելու շանսը կորցրել է. ԱԺ նախագահ
- ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան