Նորաշենում ժամանակավոր համայնքապետը ոստիկանների ուղեկցությամբ մտել է համայնքապետարան
Այսօր ևս Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է եղել։ Մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից ժամանակավոր համայնքապետ նշանակված Արտակ Հարությունյանը ոստիկանների, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ բացել է համայնքապետարանի դուռն ու մուտք գործել ներս։ Այս մասին Panorama.am-ին ասաց հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը, ով մասնակցել է նորաշենցիների բողոքի ակցիաներին։
«Նախօրեին կառավարությունում հանդիպել ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ կառավարության դիմում-բողոքների բաժնի պետի ներկայությամբ։ Քննարկել ենք ստեղծված իրավիճակը։ Հավաստիացրել են, որ մարզպետի նշանակած պաշտոնակատարի լիազորությունները դադարեցվում են, ժամանակավոր նշանակվում է ընտրված համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի տեղակալը՝ Միսակ Ստեփանյանը մինչև հասկանան, թե ինչ հանգուցալուծում կստանա խնդիրը։ Սակայն այսօր տեղեկանում ենք, որ մարզպետի նշանակած պաշտոնակատարը մուտք է գործում համայնքապետարանի շենք։ Ես կասկած չունեի, որ այս իշխանությունը կդրժի պայմանավորվածությունը, սակայն համայնքի բնակիչները հավատացել էին»,- մանրամասները ներկայացրեց Բ. Հարությունյանը։
Նա նշեց, որ Մ. Ստեփանյանը ոստիկանությանը հայտնել է, որ առանց իր ներկայության մուտք են գործել համայնքապետարանի շենք։ Բ. Հարությունյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատակիցներից որևէ մեկն այսօր չի գնացել աշխատանքի, բոյկոտում են. «Այդ շենքի դուռը ջարդելով ու աթոռին նստելով՝ համայնք ղեկավարել չէ։ Տեսնենք հիմա ոնց են աշխատելու, եթե համայնքապետարանի աշխատակիցները չեն գնում աշխատանքի»։
Բ. Հարությունյանն ասաց, որ այժմ գյուղացիները քննարկում են իրենց հետագա անելիքները, բայց տեղեկացրել են համայնքապետարանի աշխատակիցները, որ իրենք չեն գնալու աշխատանքի։
«Վստահ եմ, որ այս պայքարը կրելու է շարունակական բնույթ, մինչև արդարացի լուծում գտնվի»,- նշեց նա։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա համայնքապետի լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։ Նորաշենցիների մի մասը պնդում են, որ մարզպետն անօինական է ազատել համայնքապետին, պահանջում են վերականգնել նրան պաշտոնում, կամ ժամանակավոր պաշտոնաատար նշանակել Միսակ Ստեփանյանին մինչև նոր ընտրությունների անցկացումը։ Նորաշենցիները նշում են, որ Ն. Գրիգորյանին առաջարկվել է մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հրաժարվել է։
Հարակից հրապարակումներ`
- Նորաշենցիները դեռ սպասում են. «Բարեհաճեք մոտենալ մեզ»
- «Եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ, մինչև հարգեք նորաշենցու պահանջը»
- «Հարգելի վարչապետ, ձեր մի կանչով իր գյուղի բնակիչներին ուղարկել է Ազգային ժողովի շենք»
- Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում
- Արարատի մարզպետարանի մոտից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- «Արարատի մարզպետը ոչնչացրել է գյուղացուն, հաշվի չի առել գյուղացու ձայնը»