Հայտնի դերասանուհի Տատյանա Սպիվակովան կգա Հայաստան
Շուտով Փարիզից Հայաստան կժամանի հայկական, ռուսական և ֆրանսիական արմատներ ունեցող հայտնի դերասանուհի Տատյանա Սպիվակովան, hատուկ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմից։
Ֆիլմում Տատյանան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ Սոֆիա Մարտիին։ Տատյանա Սպիվակովան ծնվել է Մոսկվայում, մեծացել՝ Իսպանիայում, ներկայումս ապրում և իր դերասանական կարիերան է կառուցում Փարիզում: Խաղացել է եվրոպական բազմաթիվ բեմերում, մասնակցել է ֆրանսիական Ավինյոն, Բրատիսլավայի Istropolitana European, Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի Physical Fest-երին: Աշխատել է հեղինակավոր բրիտանացի ռեժիսոր Ուիլիամ Օլդրոյդի հետ, խաղացել ռեժիսորներ Մաքսիմ Ռոյի և Ջերեմի Տրեքուեսսերի համատեղ առաջին խաղարկային ֆիլմում՝ Même Pas Mal-ում։
Սպիվակովայի հայրը՝ Վլադիմիր Սպիվակովը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի
գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Իսկ մայրը՝ հայտնի հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Սաթի Սպիվակովան է:
Ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2019-ի հոկտեմբերի 17-ին «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան կլինի Երևանում։
Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
«Դրախտի դարպասը» Հայաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Ֆրանսիա համատեղ արտադրության ֆիլմ է։
Հարակից հրապարակումներ`
- «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ հոկտեմբերին
- Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան