Չինական կեղծված հարսանիք՝ հանուն նվերների
Չինական Գույչժոու շրջանից մի տղամարդ գումարի տեսքով նվերներ ստանալու համար կեղծ հարսանիք է կազմակերպել։ Նա ցանկացել է ստացած գումարը սեփական բիզնեսում ներդնել։ Ռիա նովոստին, հղում անելով AsiaOne-ին գրում է, որ տղամարդը վարձել է աղջիկ, որպեսզի նա իր հարազատների և բարեկամների մոտ ներկայանա իր հարսնացու։ Աղջիկը պետք է տղամարդու հետ լիներ օգոստոսի 22-28-ը, «փեսացուի» հետ անցկացնելու համար նա օրական ստանալու էր 521 յուան։
Հարսանեական արարողությունը, աղջկա խոսքով, տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Տղամարդը պետք է վճարեր իր տեղափոխման, ուտելու և կեցության համար։ Հյուրերը «նորապսակներին» նվիրել են շուրջ 60 հազար յուան, որը, նախնական պայմանավորվածությամբ, տղամարդը վերցնելու էր իրեն։
Հարսանիքից հետո «զույգը» մի քանի օր անցկացրել է շրջանում, բայց երբ «վարձակալության» ժամկետն ավարտվել է, տղամարդը կորել է՝ չվճարելով աղջկան։ Նա արգելափակել է աղջկան սոցկայքերում և չի պատասխանել նրա զանգերին։
Աղջիկը դիմել է իրավաբանների։ Նրանք նշել են, որ աղջիկն անբարենպաստ վիճակում է, քանի որ գրավոր պայմանագիր չի կնքել։