Սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են
2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի հարաբերականորեն կայուն մակարդակ: Չնայած դրան, հանրապետությունում գրանցվել են գնային փոփոխություններ թե՛ աճման, թե՛ նվազման միտումով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.0% գնանկում, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 2.5% գնաճ:
Մրգի ապրանքախմբում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 1.9%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ` 2.0% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնաճ:
Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-0.2%-ով (մայրաքաղաքում մսամթերքի գների մակարդակն աճել է 0.2-ով), 5-ում գրանցվել է 0.4-0.1% գնանկում, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Վիճակագրության համաձայն, 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0.3% և ծխախոտային արտադրատեսակների 0.4% գնաճ:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ գրանցվել է 2.9%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.9% գնանկում:
Յուղեր և ճարպեր ապրանքախմբում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնանկում:
Ինչ վերաբերում է շաքարավազի գներին, ըստ վիճակագրության, սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 1.7%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% գնանկում:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնանկում: Ձվի գինն էլ մեկ տարում նվազել է 0.3%-ով, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 1.7%-ով:
Ըստ վիճակագրության 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.7%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.4% գնանկում, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: