Այս տարի Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը. Էկոնոմիկայի նախարար
Ակնկալվում է, որ 2019 թվականին Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է բարձր տնտեսական աճի ձգտելու և դրա համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու քաղաքականություն։ «Միջին ժամկետում մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է ձգտի ունենալ երկնիշ տնտեսական աճ: Կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ապահովել 7-8% ցուցանիշ»,- նշեց նախարարը։
Միաժամանակ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ որպես նախապայման՝ կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել բավարար ներդրումային մակարդակ։
Նախարարը նշեց, որ այսօր մեծ ներդրումներ են արվում վերականգնվող էներգետիկայի, շինարարության, վերամշակող արդյունաբերության, գինեգործության, ոսկեգործության ոլորտներում։