ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին
ԵՊՀ գիտխորհուրդը երեկվա նիստում քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համալսարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասել է, որ քննարկման ընթացքում կներկայացվեն դիտարկումներ, կլինեն ելույթներ, բացի դրանից՝ բոլորը կարող են հանդես գալ գրավոր առաջարկություններով մինչև այսօր՝ հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ը։
«Բոլոր առաջարկությունները կհամակարգվեն և կներկայացվեն ամսի 5-ին տեղի ունենալիք ռեկտորների խորհրդի նիստին: Այսինքն՝ ոչ միայն գիտխորհրդի միասնական կարծիքն է ներկայացվելու, այլև անհատների առաջարկները»,-ասել է նա։
Նիստում ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է բացասական կարծիք ներկայացնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Գ. Գևորգյանի խոսքով, օրենքի այս նախագիծն արդեն երրորդ տարին է շրջանառվում, դրույթներ կան, որ ներառվում են, հետո հանվում:
«Պարզ չէ, թե որ պահին պիտի ամրագրենք, որ ընդունելի լինի գիտակրթական հանրությանը: Միակ հիմնարար նոր դրույթը, որ այսօր կա այս նախագծում, գիտության ներառումն է»,- ասել է Գեղամ Գևորգյանը:
Նա նշել է, որ օրենքի այս նախագծի համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը գրեթե զրոյացվել է, սակայն առաջարկել է դրա վերաբերյալ քննարկում չծավալել այսօր՝ հույս հայտնելով, որ դրա հետ կապված առանձին քննարկում կկազմակերպվի:
Գեղամ Գևորգյանը գիտխորհրդին ներկայացրեց այն դրույթները, որոնք առարկելի են:
Մասնավորապես՝ առաջին նկատառումը վերաբերում էր օրենքի նախագծի գլուխ 1-ի այն դրույթին, ըստ որի՝ անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին:
«Բազմիցս քննարկվել է այս հարցը: Ես առաջարկում եմ նախագծում ներդնել դոկտորի գիտական աստիճանը, որը տրվում է գիտակրթական ծրագրերի իրականացման և դոկտորական ատենախոսության պաշտպանության արդյունքում: Թե որ աստիճանն ինչ գիտական չափորոշիչների պետք է համապատասխանի, դա թող որոշվի»,- ասաց Գեղամ Գևորգյանը: