Իմպիչմենտի գործընթացի տակ գտնվող ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել նաև Չինաստանին հետաքննել Բայդեններին
Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի ղեկավարի հետ իր հեռախոսազրույցի ընթացքում որևէ անօրինական տարր չկա: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ աղբյուրի, նա ասել է.«Միչ ՄքՔոնելն իր հայտարարության մեջ նշել է, որ դա անմեղ հեռախոսազրույց էր: Եվ ընդհանրապես, ով կարդում է դա նույն եզրահանգմանն է գալիս, բացի նրանցից, ովքեր կարդում են կեղծ Ադամ Շիֆի կեղծ մեկնաբանությունը»։
Փոխարենը, Սպիտակ տունը փորձում է գտնել հատուկ ծառայությունների աշխատակցին, ով հայտնել էր խոսակցության բովանդակության մասին ընդդիմադիր կոնգրեսականներին։
«Այս երկիրը պետք է գտնի այդ մարդուն, որովհետև նա լրտես է»,-ասել է Թրամփը
Դեմոկրատները, մինչդեռ, շարունակում են նախագահի պաշտոնանկության գործընթացը:
«Նախագահը փորձում է պնդել, թե մարդիկ, ովքեր մատնացույց են անում իր սխալները, դավաճան են և պետք է պատժվեն որպես լրտեսներ: Սա փորձ է վախեցնել վկաներին, սա բռնության հրահրում է», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ով հինգշաբթի փակ նիստի շրջանակներում հարցաքննության է հրավիրել հրաժարական տված Ուկրաինայի գործերով հատուկ հանձնակատար Քըրթ Ուոքերին:
Հինգշաբթի լրագրողների հետ զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփն արել է ևս մեկ անսպասելի հայտարարություն՝ կոչ անելով նաև Չինաստանին հետաքննել Ջո Բայդենի գործունեությունը։
«Չինաստանը նույնպես պետք է սկսի հետաքննություն Բայդենների վերաբերյալ, որովհետև Չինաստանում տեղի ունեցածը նույնքան վատ է, որքան Ուկրաինայում: Ուստի, նախագահ Զելենսկու փոխարեն, ես հետաքննություն կսկսեի Բայդենների գործով, որովհետև ոչ-ոք չի կասկածում, որ նրանք խարդախ են, դա միանշանակ խարդախ գործարք էր»,-ասել է Թրամփը։
Որոշ վերլուծաբանների մտահոգում են Թրամփի մոտեցումները:
«Նախագահի ձևակերպումները աննախադեպ ու վտանգավոր են: Մեղադրել գործող կոնգրեսականին դավաճանության մեջ, սա ըստ իս առնվազն անտեղի է», - նշում է Բրուքինգս հաստատության փորձագետ Ջոն Հադակը:
Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնությունը մինչդեռ զգուշացրել է Սպիտակ տան վարչակազմին, որ իմպիչմենտի հետաքննության առջև ցանկացած խոչընդոտ դիտարկվելու է որպես արդարադատության խոչընդոտ՝ օրենքից բխող բոլոր հետևանքներով:
Հարակից հրապարակումներ`
- Իմփիչմենթի հետաքննության ներքո՝ Թրամփը սպառնում է տեղեկությունը հայտնած պաշտոնյային
- Նախագահ Թրամփի դեմ սկսվեց իմպիչմենտի գործընթաց
- Թրամփը չի վախենում «ուկրաինագեյթից»