Հայու Ջանը տպավորված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունից
Հանրաճանաչ դաշնակահար Հայու Ջանը և Հայաստանի պետական կամերային նվագախումբն ինքնատիպ համերգով հանդես եկան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կամերային նվագախմբից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ի համերգին հնչել են Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները: Հայու Ջանը (Չինաստան) երեկոյի ընթացքում հանդես է եկել Կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան) հետ որպես դիրիժոր և դաշնակահար:
Նա արդեն երկրորդ անգամ էր մեր երկրում, նախորդ տարի կրկին ելույթ էր ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ և իր երկիր վերադարձել շատ տպավորված: Երաժիշտը փաստում է՝ ծանոթ է Արամ Խաչատրյանին, Կոմիտասին ու տեսնում է, որ մեր երկրում երաժշտության մակարդակը չափազանց բարձր է:
«Նախորդ այցից հետո հասկացա, որ Կամերայի նվագախումբը փայլուն հնչողություն ունի, նրանք հիանալի են ներկայացնում ստեղծագործությունները: Այս անգամ որոշել էինք միասին ներկայացնել Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը, որը կոմպոզիտորի վաղ շրջանի ստեղծագործություններից է, և ինձ համար հանճարեղ գործ: Այն բավականին բարդ է կատարել, բայց վերջերս արդեն երեք անգամ կատարել եմ»,-ասում է Հայու Ջանը:
Հայ հանդիսատեսը համերգի ավարտին երաժշտին բաց չի թողել առանց բիսերի.նա երեք անգամ վերադարձել է բեմ՝ կատարելու ինքնատիպ գործեր:
Ի դեպ, Հայու Ջանը ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Դաշնակահարը համերգային գործունեություն ծավալելուց բացի Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը և վերջինիս երաժշտական ղեկավարն է:
Նա վարպետության դասեր է անցկացնում Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում:
Հայու Ջանը դաշնամուրի առաջին դասերը ստացել է 9 տարեկանում: Երկու տարի անց 150 թեկնածուներից ընտրվել և ընդունվել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիան, որն ավարտել է 2002-ին՝ շահելով մի շարք պատվավոր կոչումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան