Արցախի նախագահը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Դուք իրականացնում եք կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, և վայելում եք մեր ժողովրդի հարգանքն ու սերը:
Դպրոցական երկար ու ձիգ տարիների ընթացքում դուք գտնվում եք ձեր աշակերտների կողքին, սովորեցնում եք ոչ միայն գրել ու կարդալ, այլև տարբերել ճիշտն ու սխալը, գիտելիքների հետ միասին տալիս եք կյանքի անմոռաց դասեր, որոնք ուղեկցում են նրանց հետագա բոլոր տարիների ընթացքում:
Թանկագի՛ն ուսուցիչներ,
Մենք միշտ հիշում ենք ձեզ, ձեր բարի խորհուրդներն ու խրատները, ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքը, ձեր մեծ հոգու ջերմությունը, որ շռայլորեն տվել եք մեզ՝ ձեր անթիվ ու անհամար սաներին: Հիշում ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ: Եվ թող գիտության անդաստանում ձեր ցանած սերմերը ծլարձակեն և առատ բերք տան՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու զորացման:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ և ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: