Լեգենդար ջութակահար Պինխաս Ցուկերմանը ելույթ կունենա Երևանում
Հոկտեմբերի 7 ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է մեծ համերգ։ Լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ մեկ երեկոյի ընքացքում կհնչեն երկու գլուխգործոցներ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր` Դիանա Ադամյանը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
Արդեն շուրջ կես դար տասնամյակ Պինխաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է։ Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան և անսասան գեղարվեստական չափանիշները հրաշալիք են ունկնդիրների ու քննադատների համար: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ և կամերային երաժիշտ:
Ցուկերմանը հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը և Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը: 2017թ-ից Ցուկերմանը Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի «Ձմեռային փառատոնի» և կրթական ծրագրի գեղարվեստական ղեկավար է: Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգ, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի և մեր օրերի ականավոր մենակատարների հետ`կամերային անսամբլով:
Իբրև մենակատար նվագել է մոլորակի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ` անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Վերջին տասնամյակում նա հավասարապես ելույթներ է ունենում որպես դիրիժոր՝ ղեկավարելով աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր:
Պինխաս Ցուկերմանի լայնածավալ դիսկոգրաֆիան ընդգրկում է ավելի քան 100 անուն: Նա 21 անգամ եղել է Գրեմմիի մրցանակի թեկնածու, երկու անգամ՝ մրցանակակիր: