Գիա Կանչելիի հրաժեշտի արարողությանը մի քանի հազար մարդ է մասնակցել
Մի քանի հազար մարդ է մասնակցել ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, վրացի անվանի կոմպոզիտոր Գիա Կանչելիի հրաժեշտի արարողությանը, գրում է Ռիա նովոստին:
Արարողությանը մասնակցել են նրա գործընկերները, կինոյի և թատրոնի դերասաններ, երգիչներ, ռեժիսորներ, խորհրդարանի, կառավարության անդամներ, ինչպես նաև կոմպոզիտորի հազարավոր երկրպագուները:
Գիա Կանչելին ծնվել է 1935 թվականին Թբիլիսիում բժշկի ընտանիքում: Ավարտել է երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել է Թբիլիսիի կոնսերվատորիա:
Հիշեցնենք, որ կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելին մահացել է հոկտեմբերի 2-ին՝ 84 տարեկան հասակում:
Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտությամբ։ Նա «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։
2017 թվականին նա Հայաստանում էր այցելել։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Անկեղծ ասած, կարծում եմ, սա կլինի իմ վերջին այցելությունը, առողջական խնդիրներից ելնելով, բայց Աստված տա, եթե կրկին կարողանամ գալ, ես երջանիկ կլինեմ»։
Կոմպոզիտորը պատմել է, որ իր կյանքը կապված է եղել Հայաստանի հետ, բազմիցս եղել է Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ գրել է իր 6 սիմֆոնիաները. «Ստեղծագործություններս միշտ ներկայացնում էի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է կոմպոզիտոր Գիա Կանչելին
- Սպասել եմ, և վերջապես այդ օրը հասավ. Գիա Կանչելի
- Երջանիկ կլինեմ, եթե կրկին կարողանամ գալ Հայաստան. Գիա Կանչելի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան