Ադրբեջանագետ. Ակնկալում եմ հայկական կողմի՝ ավելի կոշտ և պահանջատիրոջ դերում դիրքավորումը
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ Panorama.am-ը խոսել է հակառակորդի սադրանքների, դրանց պատճառների, հայկական կողմի անելիքների մասին։
Panorama.am-Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը վերջին օրերին ակտիվացել է։ Ինչո՞վ է պայմանավորված, ըստ Ձեզ։
Անժելա Էլիբեգովա-Վերջին երկու շաբաթներն իրադարձությունների առումով շատ հագեցած էին. ՄԱԿ-ում ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետը՝ ներկայացնելով Արցախի վերաբերյալ թեզերը, արտգործնախարարների հանդիպում եղավ, այնուհետ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը։
Ադրբեջանի ակտիվացումը և շփման գծում՝ դիվերսիոն փորձը, անօդաչու սարքի վնասազերծումը, և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ պայմանավորված է հենց այդ իրադարձություններով։ Սովորաբար, Հայաստանում կամ Հայաստանի շուրջ տեղի ունեցող նման միջոցառումների ֆոնին Ադրբեջանը միշտ սրում է իրավիճակը, սադրանքների գնում, երբ Հայաստանում միջազգային իրադարձություն է տեղի ունենում։ Այդ մասով, գոնե ես արտասովոր բան չեմ տեսնում։
Այս առումով, առավել հատկանշական են Սոչիում «Վալդայ» ակումբի հավաքի շրջանակում հնչած հայտարարությունները, ինչպես նաև դրանց նախորդած հայտարարությունը ՄԱԿ-ում, Մինսկի խմբի հայտարարությունը։ Այստեղ իրավիճակը պետք է վերլուծել առավել համապարփակ։ Օրինակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Ս. Լավրովն ասաց՝ այս պահին բանակցային գործընթացը արգելակված վիճակում է, երկու կողմից հնչող հայտարարությունները չեն նպաստում, որ պրոցեսը դրական շարժ ունենա։ Նա նաև ակնարկեց գերիների փոխանակման պրոցեսի՝ ոչ բավականաչափ ինտենսիվությունը։ Կարծում եմ, որ դա ինչ-որ չափով ճնշում էր կողմերի վրա, որպեսզի արագացնեն այդ պրոցեսը։
Երկրորդ ակնարկն այն էր, որ Ռուսաստանն այս պահի դրությամբ չի տեսնում իրավիճակի սրում, այսինքն, Ռուսաստանն իր մոդերատորի դերը ևս մեկ անգամ ընդգծեց։
Panorama.am-Հակառակորդի կրակից մեկ զինծառայող զոհվել է, երեք մարդ վիրավորվել։ Միայն ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, այս սադրանքներն անպատասխան չեն մնա։ Բավարա՞ր եք համարում հայկական կողմի արձագանքը։
Անժելա Էլիբեգովա-Ադրբեջանական այս սադրանքներին պատշաճ գնահատական չեն տվել ոչ Մինսկի խումբը, ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ միջազգային այլ կառույց, մինչդեռ այս պարագայում ռազմատենչ հայտարարություններից ելնելով, ակնհայտ է ու Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ չի բացառում խնդրի ռազմական լուծումը, և նույնիսկ նախընտրելի է։
Այս պարագայում ես ակնկալում եմ հայկական կողմի՝ ավելի կոշտ և պահանջատիրոջ դերում դիրքավորումը, բայց ես տեսա ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի, Լավրովի հայտարարություններին, որոշ պատգամավորների հայտարարությունները՝ ուղղված Ալիևին, որոնք փաստում են, որ ադրբեջանական կողմն այս պահին խաղաղ գործընթացին պատրաստ չէ և նախընտրում է ռազմական լուծումը։ Դա որևէ մեկի համար նորություն չէ, հատկապես երբ ադրբեջանական կողմը երբևէ չի թացրել դա։
Ես կուզեի լսել, թե ինչ ենք անելու հետո, իրավիճակի զարգացման ինչ սեցենարներ ենք կանխատեսում, և մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ ինչպիսին է։ Եթե մենք շարունակում ենք պնդել, որ Արցախը Հայաստանն է, և վերջ, ու Հայաստանն է բանակցելու Ադրբեջանի հետ՝ փակելով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման, ապա դրա մասին պետք է ասել հանրությանը։ Եթե այդպես չէ, ապա պետք է բացատրել, թե ինչ տրամաբանությամբ ենք շարժվելու, ինչպես ենք մասնակցելու բանակցություններին, քանի որ ինչքանով ես եմ հասկանում, Հայաստանի ղեկավարը փաստել էր, որ բանակցելու մանդատ չունի, բայց միջազգային հանրությունն ու Մինսկի խումբը մեզ ակնարկ արեցին, որ պետք է սկսել բուն բանակցությունները։
Այս դեպքում պետք է հայտարարվի, թե որն է հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը։ Եթե պնդում են, որ լուծումը պետք է լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի բնակչության, շեշտում եմ, բնակչության, ոչ թե ժողովրդի, համար ընդունելի, ապա հայկական կողմի պատկերացմամբ, որն է նման հարմար տարբերակը, քանի որ մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է հասնել և մեզ, և Ադրբեջանի հասարակության համար ընդունելի տարբերակի, եթե Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները Արցախի հարցի հանգուցալուծման շուրջ բևեռացված են, կտրականապես տարբեր։
Ալիևը Սոչիում պարզ ասեց՝ իրենց դիրքորոշումը չի փոխվել, Արցախն Ադրբեջանի մաս է լինելու, ասաց՝ պատրաստ են այդ հարցում ռադիկալ լուծումների։ Ադրբեջանի հասարակության համար ընդունելի լուծումը դա է, մեր հասարակության համար այն անընդունելի լուծում է։ Ես ցանկանում եմ լսել պաշտոնական դիրքորոշումը այդ հարցի շուրջ։ Մինչ այս պահը ես չեմ հանդիպել ձևակերպված, հստակ և պարզ ձևակերպում, թե ինչպես ենք մենք տեսնում խնդրի մեզ համար ընդունելի տարբերակը, ինչպես է համադրվելու այն թեզի հետ, որ պետք է հաշվի առնենք նաև ադրբեջանական ժողովրդի կարծիքը։
Հարակից հրապարակումներ`
- Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
- Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել․ Hetq.am
- Երեք օրում ունենք 1 զոհ և 3 վիրավոր, ասելու բան չկա՞ սեփական հանրությանը. Բեքարյան
- Ադրբեջանցիների կրակից Տավուշում զինծառայող է զոհվել
- Դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները հանդիպել են Արցախի նախագահի հետ
- Ադրբեջանի դիվերսիան կանխած և անօդաչուն խոցած զինվորները պարգևատրվել են
- Տիգրան Աբրահամյան. Դիվերսիայի հետևանքով երկրորդ զոհը ժամկետային զինծառայող չէ
- Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ էր ունեցել
- Արցախի ՀՕՊ–ը Ակնայում թշնամու անօդաչու է խոցել
- Շատ տարօրինակ էր. Դավիթ Տոնոյանը՝ դիվերսիոն փորձի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան