Ուսուցիչը աշակերտին երբեք չպիտի ասի՝ դու չես կարող. Անահիտ Բախշյան
Այսօր նշվում է Ուսուցչի օրը։ Ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը՝ մարդկային ու մասնագիտական ի՞նչ հատկանիշներ կրող։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող, Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն, հասարակական քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի հետ։
«Ուսուցիչն առանց խտրականության պետք է սիրի բոլոր երեխաներին, հարգի նրանց անհատականությունը»,- կարևոր հանգամանքներից, նախևառաջ, սա առանձնացրեց մեր զրուցակիցը։
Բախշյանը նշում է՝ ուսուցիչը պետք է կարողանա դասապրոցեսի ժամանակ աշակերտին, երեխային հայտնագործելու հաճույքը զգա, ոգևորի նրան, ու երբեք չասի՝ «Դու չես կարող»։
«Ուսուցիչը երեխային երբեք չպետք է ասի՝ այսինչ բանը քո ուժերից վեր է, քանի որ իրականում բոլոր մարդիկ ամեն ինչ չէ, որ կարող են։ Ամեն մարդ կարողանում է այնքան, ինչքան ինքը հնարավորություն ունի։ Ուսուցիչը պիտի լինի համբերատար, ունենա շատ հարուստ երևակայություն, քանի որ երեխաներն ունեն երևակայություն, որտեղ իրենք անգերազանցելի են, պետք է կարողանա գերազանցել իր աշակերտներին, որ աշակերտն էլ զարմանա, հիանա իր ուսուցչով և անվերապահորեն ուզենա ուսուցչին դուր գալ, սա շատ կարևոր է»,- ասաց նա։
Այս տարի օրը նշվում է «Երիտասարդ ուսուցիչներ-ապագա մասնագիտություններ» կարգախոսի ներքո։
Երիտասարդ մասնագետների վերաբերյալ էլ, Բախշյանն ասաց, որ ինքն ակնհայտորեն տարբերակում է՝ մարդն ինքն է ընտրել այս մասնագիտությունը, թե ուղղակի նրան ասել են։
«Ով որ ինքն է ընտրել՝ փայլուն մասնագետ է, հավեսդ գալիս է, թե ինչպես է վերաբերվում աշակերտներին, ինչպես է աշխատում, իր շուրջը հավաքում երեխաներին։ Ես այդպիսի շատ երիտասարդների եմ տեսնում։ Բայց տեսել եմ նաև երիտասարդների, ովքեր սառած դեմքով, ապակե աչքերով մտնում են դասարան ու դասարանին նայում են որպես գազոնի, ասում ասելիքը ու հետաքրքիր էլ չէ՝ իրեն լսում են, չեն լսում։ Այդպիսի երիտասարդներից պետք է ազատվել մեկ օր շուտ»,- ասաց մանկավարժը։
Բախշյանը, սակայն, վստահեցնում է՝ նրանց կողքին կան ուսուցիչներ, ովքեր ոչ իրենց հոգսն են հիշում, ոչ ցածր աշխատավարձը, մտնում են դասարան երեխաների համար։
«Մանկավարժի թիվ մեկ խնդիրն այն չէ, որ բոլորը հրաշալի մաթեմատիկա կամ գրականություն իմանան, այլ երեխային՝ ինքն իրեն ճանաչելու գործընթացը ճիշտ կազմակերպելն է։ Եթե դու օգնում ես, որ երեխան ինքն իրեն ճանաչի, ինքն էլ քեզ օգնում է բացահայտել իր կարողությունները և զարգացնել դրանք։ Լավ ուսուցչին աշակերտը հարգում է, զգաստ է նրա դիմաց և ուզում է անել քայլեր, որոնց համար ինքը կարժնանա խրախուսանքի, ոգևորող խոսքի։ Լավ ուսուցչին բոլորը շնորհակալ են լինում միշտ, բայց ուսուցիչը չպիտի ակնկալի այդ շնորհակալությունը, ինքն ընտրել է այդ մասնագիտությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։