Արարատի մարզպետի կարգադրությունը հիմնված է անօրինական թղթի վրա. Վարդան Մինասյան
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարին մարզպետի կողմից իր լիազորություններից զրկելուց հետո գյուղում իրավիճակը չի հանդարտվում։ Բնակիչների մի մասը գրեթե ամեն օր ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով, որ համայնքապետը շարունակի պաշտոնավարումը։
Համայնքի արդեն նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի որոշումը բողոքարկելու է դատարանում։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նորաշենի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջացել նաև համայնքապետարանի աշխատակազմի հետ, քանի որ այս, ըստ նրա, ամենի հիմք հանդիսացած թուղթն անօրինական է։
«Մեզնից շուրջ 17 օր թաքցվել է մի թուղթ, որին փաստաթուղթ համարել չեմ կարող։ Այն թաքցվել է մարզպետարանի շենքում։ Սեպտեմբերի 27-ին մենք իմանում ենք, որ մարզպետի կարգադրության համար հիմք է եղել մի փաստաթուղթ, որտեղ գրված է. «Հիմք ընդունելով Արարատի մարզի Նորաշենք համայնքի ավագանու... նիստ բառը բացակայում է, 10.09.2019թ. արձանագրությունը։ Ինչի՞ են բաց թողել նիստ բառը»,- հարց հնչեցրեց Վ. Մինասյանը։
Նրա խոսքով, նման արձանագրությունը ենթադրում է, որ տեղի է ունեցել ավագանու նիստ։ Ինքը նման նիստից տեղյակ չէ։ Բացի այդ, արձանագրությունը մուտք անել չի եղել, քանի որ չկա համայնքապետի ստորագրությունը, ինչպես պահանջում է օրենքը։
«Նորայր Գրիգորյանը պիտի հոկտեմբերի 7-ին գա, վավերացնի մի փաստաթուղթ, որպեսզի կարողանանք դա մուտքագրել քարտուղարություն, սակայն դա արդեն իրավազոր չէ, քանի որ ավագանու նիստերի արձանագրությունը, ըստ օրենքի, պետք է ներբեռնվի սրա կազմումից հետո՝ 7 օրվա ընթացքում։ Բոլոր ժամկետները խախտված են, մենք ի՞նչ ենք ներբեռնում և ե՞րբ, ի՞նչ ենք տալիս քարուղարությանը, մեր քարտուղարն ասում է, ես չեմ կարող այն որևէ գրանցամատյանում գրանցել։ Է, եթե չեք կարող գրանցել, ո՞նց կարող է ավագանին այս հարցը լուծել։ Ես նույնիսկ արդարադատության նախարարին եմ դիմել, որ հասկանանք՝ ի՞նչ անենք»,-ասաց համայնքապետարանի գլխավոր մասնագետը։
Մինասյանի խոսքով, Նորաշենի բնակիչներն անպայման իրենց խոսքն ասելու են տեղի ունեցողի մասին, մարդիկ այս պահին զբաղված են բերքահավաքով։ Իսկ մինչ դատարան դիմելը, նա խորհուրդ է մտալիս Արարատի մարզպետին վերանայել իր կարգադրությունը։
«Հիմք հանդիսացած փաստաթուղթը որևէ տեղ մուտքագրված չէ։ Մենք ավագանուն կանգնացրել ենք բարդ իրավիճակի առաջ։ Եթե նույնիսկ ավագանու չորս անդամները այդ արձանագրությամբ գնացել են մարզպետարան, ապա նրանց պետք է ասեին, լսեք, տղաներ, դուք իրավունք չունեք մեզ տալ մի փաստաթուղթ, որի ներքո չկա կնիք, քարտուղարի ստորագրություն։ Իսկ հինգերերոդ անդամն ասում է՝ քվեարկություն չի եղել։ Բա ինչի՞ համար են այդ օրենքները»,-ասաց նա։
Մինասյանի խոսքով, այս պահին էլ համայնքապետարանի դուռը փակ է, չի գործում, բնակիչները չեն կարողանում տեղեկանքներ վերցնել։ Գյուղում լարվածություն է ստեղծված։
Հարակից հրապարակումներ`
- Նորաշենում ժամանակավոր համայնքապետը ոստիկանների ուղեկցությամբ մտել է համայնքապետարան
- Նորաշենցիները դեռ սպասում են. «Բարեհաճեք մոտենալ մեզ»
- «Եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ, մինչև հարգեք նորաշենցու պահանջը»
- «Հրապարակ». Նորաշեն համայնքի ղեկավարի հարաբերություններն ինչու են լարվել Արարատի մարզպետի հետ
- Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում