Հովհաննես Խուդոյանը՝ դատավորին. Ակնհայտ հովանավորչական վարքագիծ է դրսևորվում կոնկրետ Ձեր նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյանն ու Ռուբեն Սահակյանը ընթացող դատական նիստում հայտարարեցին, իրենք էլ միանում են դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հայկ Ալումյանի միջնորդությանը, բացի իրենց գործընկերոջ ներկայացրած հիմքերից, ունեն այլ հիմքեր։
Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց, արդյոք դատավորն օգտվե՞լ է ամենամյա արձակուրդ գնալու իր իրավունքից։
«Դատական դեպարտամենտի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Ձեր ամենամյա արձակուրդը նշված է հուլիս-օգոստոս ամիսներ։ Արդո՞ք դուք օգտվել եք ու գտնվե՞լ եք արձակուրդում։ Սա հարցնում եմ, քանի որ ներկայացվելիք հիմքն ուղիղ կապ ունի այդ պատասխանի հետ»,-բացատրեց փաստաբանը։
Ի պատասխան դատավորը հայտարարեց, դատավարության որևէ մասնակից իրավասու չէ դատարանին այդ հարցն ուղղել ու բացատրություններ պահանջել, եթե փաստաբանն ունի տեղեկություններ ու հիմնավորումներ, ապա կարող է հրապարակել դրանք։
Խուդոյանն էլ կարծիք հայտնեց, որ գործի մակագարումը եղել է ոչ իրավաչափ ու ոչ թափանցիկ, բացի այդ, եթե դատավորը եղել է արձակուդում, ապա նրան չէր կարող մակագրվել։
«Բացի այդ, տեսնում ենք, որ ակնհայտ հովանավորչական վարքագիծ է դրսևորվում կոնկրետ Ձեր նկատմամբ, ինչը առաջացնում է ողջամիտ կասկած, որ Դուք կաշկանդված եք այս գործի շրջանակում կայացնելու իշխանության համար հաճո որոշումներ։ Այդ կասկածը փարատելու միակ դատավարական ընթացակարգը ինքանաբացարկի ինստիտուտն է»,-ասաց փաստաբանը։
Խուդոյանի խոսքով, իսկ ամենակարևորն այն է, որ դատավոր Դանիբեկյանը չի կարող համարվել օրինական կազմով նախագահող դատավոր, քանի որ այդ գործով արդեն կա օրինական կազմով նախագահող դատավոր։
«Դա դատավոր Դավիթ Գրիգորյանն է, որն ապօրինի կերպով վարույթից հեռացվել է»,-ասաց Խուդոյանը։
Ռուբեն Սահակյանն էլ ասաց, հիմա ստուգում են իրականացնում՝ պարզելու արդյո՞ք Դանիբեկյանը որևէ գործով չի վարվել այնպես ինչպես դատավոր Դավիթ Գրիգորյանը։
«Խոսքը վերաբերում է այն գործողություններին, որով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Գրիգորյանին, երբ նիստը կայացել է, որոշումը կայացվել է առանց էլեկտրոնային համակարգը միացնելու, երբ արձանագրությունները կազմվել են, որոշումներն ընդունվել են ձեռագիր կերպով»,-ասաց Սահակյանն ու նշեց, դատավորին հարց չի ուղղում, քանի որ դատավորը չէր պատասխանի։
Սահակյանն ասաց՝ միանում է միջնորդությանը։
Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ միանում է միջնորդությանը։
Դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը միացավ նաև գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Գևորգյանի փաստաբանը Էրիկ Ալեքսանյանը, ասաց՝ այն ենթակա է բավարարման։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այս գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել
- Հովհաննես Խուդոյանը՝ դատավորին. Հորդորում ենք, այսուհետ հետևողական լինել՝ քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում