Օձունի տաճարի արտաքին սրահների ամբողջականացման էսքիզային նախագիծ կմշակվի
Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը տեղեկացնում է, որ ճարտարապետ Միշա Հակոբյանի կողմից կարվի Օձունի տաճարի արտաքին եռակողմ սրահների ամբողջականացման էսքիզային նախագիծ։ Արտաքին եռակողմ արտաքին սրահների պահպանված հատվածները 1949-50 թվականներին քանդվել են վերաշարման նպատակով և այդպես էլ չեն վերաշարվել։
Panorama.am-ի հետ զրույցում Միշա Հակոբյանն ասաց, որ էսքիզային տարբերակը մշակված է ոչ լիարժեք, ֆինանսավորաման դեպքում այն կամբողջացնի, կդառնա նախագիծ ու կներկայացնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանձնաժողովի, այնուհետև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի հաստատմանը։
Ճարտարապետի խոսքով, սրահներն ամբողջական վերականգնումից հետո նախնական տեսքն են ունենալու։ Մ. Հակոբյանն ասաց, որ չվերականգնվելու դեպքում ժամանակի ընթացքում սրահները կքանդվեն, քանի որ ծածկ, տանիք չունի։
«Եթե կա վերականգնելու հնարավորություն, ինչու չանենք ու ավելի մոնումենտալ, փառահեղ դարձնենք հուշարձանը»,- ասաց ճարտարապետը։
«Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես (Սբ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է:
Օձունի 6-րդ դարի տաճարն արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն շինություն է: Աղոթասրահը երկշար մույթերով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինը ավարտվում է կիսաշրջան գծային խորանով, իսկ եզրայինները` երկհարկ ուղղանկյուն ավանդատներով: Աղոթասրահը երեք կողմերից եզերված է արտաքին սրահով: Արտաքինից երկայնական թևերը սահմանափակված են կամարաշարերով, իսկ կենտրոնական թևը` խուլ պատով: Տաճարի թմբուկը ութանիստ է: Հարուստ է քանդակներով և վիմական արձանագրություններով: Հուշարձանը կառուցված է դեղնաշագանակագույն սրբատաշ ֆելզիտից: Տաճարի հյուսիս-արևելյան մասում կանգնեցված է իր ճարտարապետական լուծումներով եզակի կոթող-մահարձան, որն իր հորինվածքային ձևերի և պատկերաքանդակների հատկանիշներով դիտվում է որպես 5-6-րդ դդ կառույց:
Հարակից հրապարակումներ`
- Օձունի տաճարի վերականգնման ներկա փուլը կավարտվի հոկտեմբերին
- Մշակույթի նախարարություն. Օձունի գյուղապետը լարվածություն է ստեղծում հուշարձանի շուրջ
- Հանրությունն անհանգստանում է նախօրոք, թե ինչպես է Օձունի եկեղեցին վերակառուցվում
- «Օձունի տաճարը վերականգնվելու և ամրակայվելու է այն տեսքով, ինչպես որ հասել է մեզ». Քննարկման արդյունքը
- «Օձունի վանքի վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են»