«Էս անտեր կռիվը երբ պիտի վերջանա».պատերազմի ծանր խաչը
«Բարև
Սիրելի զինվոր,
ես Ավագյան Սոնան եմ՝
3-րդ դասարանի աշակերտուհի։
Ես գիտեմ, որ դուք հաղթելու եք...»։
Սա Ապրիլյան պատերազմի ժամանակ դեպի սահման դպրոցականի ուղարկած նամակից մի հատված է. դպրոցական փոքրիկ աղջկա, ով ևս իր ուսերին տանում է պարտադրված պատերազմի ծանր խաչը։ Նամակը հրավիրատոմսի տեսքով մեզ էր հասել որպես իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերայի հրավեր։ Ֆիլմը ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները: Մարդու, որ պատրաստ է մինչև վերջ կռվել, որովհետև նահանջելու տեղ չունեն. չէ որ իրենց հետևում դաշտային հոսպիտալն է՝ անօգնական մարդկանցով,որովհետև խաղաղությունը ստեղծվում է պատերազմով։ ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության։
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, ով 4 տարի անընդմեջ՝ սկսած 1988-ից գտնվել է մարտի դաշտում։ Ֆիլմում ինքն էլ կա։ Մարդ, ում բոլորը օպերատոր են ասում՝ անունը մոռացած։ Ահա մի անգամ վիրավորում ստացած օպերատորը՝ հոսպիտալի բժշկին խնդրում է օգնել իրեն, բայց ուզածը ոչ դեղ էր, ոչ բժշկական միջամտություն. «Հենց աչքերս փակում եմ, բժիշկ ջան, տղերքը հերթով գալիս են աչքիս առաջ. ում ոնց նկարել եմ՝ մեկին անթև, մեկին անգլուխ, մեկին այրված...հերթով կենդանություն են առնում ու գալիս իրենց նկարներն են ուզում, բժիշկ ջան, օգնիր»։
Խելագարվել կարելի էր, բայց թուլանալու ժամանակ չկար. 5 տեսախցիկ է կորցրել պատերազմ վավերագրող Շավարշ Վարդանյանը մարտի դաշտում, բայց կարողացել է 1200 ժամ նկարահանված նյութ փրկել, որոնց հիման վրա մի քանի վավերագրական ֆիլմ է պատրաստել։
Այսօր նա ասում է. «Իմ նպատական էր ոչ թե զենքով, այլ տեսախցիկով լինել մարտի դաշտում, որ կարողանայի այս պատմությունները հասցնեի սերունդներին. այդ տղաները չպիտի մոռացվեին»։
Սցենարը
Ֆիմի հիմքում ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմություններն են։ Տպավորված Սոնայի և արցախյան մյուս հերոսների պատմություններով պատերազմը վավերագրող Շավարշ Վարդանյանի մոտ ծագում է դրանք գեղարվեստական ստեղծագործության վերածելու գաղափար, որը սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի հետ համատեղ դառնում է գեղարվեստական կինոսցենար։ Այսինքն՝ ֆիլմի հիմքում իրական դեպքեր են։ 1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Նարինե Գրիգորյանը, Ժակին մեծ տարիքում՝ ռուս անվանի դերասան Բորիս Խվոշնյանսկին:
Ակամա հայտնվելով երկու ազգերի բախման կիզակետում՝ ֆրանսիացին իր փրկությունը գտնում է Սոնայի մեջ: Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի առաքելությունը` փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլև վիրավոր հոգին։Միասին հաղթահարելով բազում փորձություններ` նրանք փոխում են միմյանց կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անսահման նվիրումով։
Պատերազմը չարիք է յուրաքանչյուր կողմի համար՝ անկախ ազգությունից, իսկ պատերազմում տարած հաղթանակը չի կարող վերադարձնել կորցրած կյանքերը...ու հենց դրա համար էլ հերոսներից մեկը հուսահատ ասում է՝ «Էս անտեր պատերազմը, երբ պիտի վերջանա»։ Մյուսն էլ պատասխանում է. «Պատերազմը դեռ նոր է սկսվել»։ Ամենացավալին այն է, որ այս պատերազմն այդպես էլ չավարտվեց ու 20 տարի անց այս հարցն ու պատասխանը դեռ ակտուալ են։
Լայնամաշտաբ այս կինոնախագծի մեկնարկը տրվելէ 2014 թվականին՝ «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունների կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում մեծ դերասանական կազմով՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Ինչպես նաև ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան): Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։ Հնչյունային ձևավորումը և ձայնային 5.1 ձեվաչափի համադրումը կատարվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արտադրատեխնիկական բազայում։ Հնչունային ռեժիսոր է Վասիլի Կրաչկովսկին, ձայնի երաժշտական սուպերվայզերը՝ Արտաշես Անդրեասյանը: