Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:
Կառավարությունից հայտնում են՝ ուղերձում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում:
Շատ ուրախ էի, որ առիթ ունեցա հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում: Մեր երկկողմ հանդիպումը Երևանում և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են փոխըմբռնման և բարեկամության բարձր մակարդակը, որը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերություններին:
Շնորհակալ եմ պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առավել ամրապնդել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
անկեղծորեն մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մտերիմներին քաջառողջություն, բարօրություն և երջանկություն»: