Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը հայ ընթերցողի սեղանին
«Երբ ստեղծածովդ կիսվում ես աշխարհի հետ, պետք է ենթադրես, որ սկզբում բոլորը թքած են ունենալու դրա վրա։ Դե', բացառությամբ մայրիկիդ». այս խոսքերի հեղինակը Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին է։
Ինչ վերաբերում է հաղթանակներին, գործարարն ասում է. «Հաղթանակովդ հպարտացիր քսանչորս ժամ, իսկ հետո այն մտքիցդ հանիր ու մտածիր հաջորդ շաբաթվա մասին։ Նույնը վերաբերում է պարտությանը»:
Երևանում այսօր տեղի ունեցավ գործարարի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքում Ալեքսիսը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:
Հատկանշական է, որ գրքի լույսընծայումը համընկնում է Ալեքսիսի՝ Հայաստան այցի հետ։ Հայազգի գործարարը մասնակցում է «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովին։
«Ալեքսիս Օհանյանի գիքրը լույս է տեսել մի քանի տարի առաջ, այն կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր»,- ասաց գրքի նախաբանի հեղինակ Արսեն Բաբայանը։
Գիրքը թարգմանել է «Խաղացողը» գրքի թարգմանիչ Աննա Միրզոյանը: Նրա խոսքով՝ գիրքն այն մասին է, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, կառուցվելու և ոչ թե կառավարվելու։
«Գրքում իրական հերոսներ են, իրական պատմություններ են»,- ասաց թարգմանիչը։
«Գիրքը գրելու հիմնական պատճառն այն էր, որ շատերն էին հարցնում, թե ոնց հասար այս հաջողությանը, և որպեսզի բոլորին առանձին-առանձին չպատասխանեմ, ես միանգամից որոշեցի գիրք գրել, և գիրքը գրելու համար առանձնացել էի բոլորից, մեկուսացել էի սենյակում: Այդ մեկ շաբաթում եմ գրել գրքի հիմնական մեծ մասը»,- ասաց Ալեքսիս Օհանյանը:
Նշենք, որ «Կարապ» ընկերությունն առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանել «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» բեսթսելերը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանը հայտարարեցին Highconnect՝ «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին
- Ալեքսիս Օհանյան. Բարդ հարևաններով շրջափակված Հայաստանն այս անգամ շանս ունի
- Ալեքսիս Օհանյանը Հայաստանում ուզում է գտնել ներդրումներ կատարելու եղանակներ
- Ալեքսիս Օհանյանը ժամանեց Երեւան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան