Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում
Ամերիկյան կինոակադեմիան ընդունել է Հայաստանի հայտը և «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում ընդգրկվել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը։ Կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում ընդգրկված ֆիլմերի երկար ցուցակը։
Ցուցակում ընդգրկված է 93 երկրի կողմից ներկայացված հայտեր, այդ թվում նա Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմը։ «Օսկար» մրցանակի համար առաջին անգամ պայքարելու են նաև Գանայի, Նիգերիայի և Ուզբեկստանի կինեմատոգրաֆիստները։
10 ֆիլմից կազմված «Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին։ «Օսկար-2020»-ի թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 13-ին։ «Օսկար» մրցանակաբշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին։
Ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:
Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:
Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։
Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկար»-ին Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը
- Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան