Մասիս Մայիլյան. Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայլիլյանը հայտարարել է 2020 թվականին կայանալիք ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«2019 թվականի օգոստոսի 13-ին Facebook սոցիալական ցանցում իմ այն գրառումը, ըստ որի՝ հնարավոր եմ համարել իմ ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին, դրական լայն արձագանք է գտել Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում։
Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար։
Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը։
Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաև Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը։ Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»։
Հիշեցնենք, որ երեկ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարեց, որ Արցախի նախագահի թեկնածու է առաջարկում ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:
«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ․-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ:
Ավելի վաղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ 2020-ի ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թենածուի անունը
- «Ազգային վերածնունդ»-ը Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել Հայկ Խանումյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան