Ռոբերտ Քոչարյան. Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձով դիմել է իշխանությունների կամայակնությունները քննադատող և իր ազատությունը պահանջող՝ նախօրեին տարածված հայտարարության հեղինակներին և սատարողներին։
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ և բարեկամներ,
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ երեկ հրապարակված հայտարարության նախաձեռնման համար։ Ոգևորիչ է, երբ Հայաստանի եւ Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող տարբեր մարդիկ համախմբված կերպով հանդես են գալիս իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ՝ բարձրացնելով իրենց բողոքի միասնական ձայնը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև այն հարյուրավոր մարդկանց, մեր քաղաքացիներին ու սփյուռքահայերին, որոնք միացել են հայտարարությանը ու ողջունել այն սոցիալական ցանցերի և այլ հարթակներում։
Շնորհակալ եմ։
Հարկ եմ համարում ընդգծել. ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար՝ մեկ մարդու ազատության համար, մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար։ Սա այլևս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության, հանուն ազգային արժանապատվության և ընդդեմ կամայականությունների։ Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին, ու այս հայտարարության նախաձեռնումն ու հրապարակմանը հետևած արձագանքը դրա լավագույն ապացույցն են։
Ուզում եմ իմանաք. ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից։ Կյանքիս ընթացքում առաջին անգամ չէ, որ հանուն կարևոր նպատակի պետք է զրկանքներ կրեմ և դա չի կարող կոտրել իմ կամքը։
Վստահ եմ՝ արդարությունը հաղթանակելու, է և մենք միասնաբար լծվելու ենք մեր երկու պետությունների անվտանգության ամրապնդման ու կառուցման գործին»։
Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ
ք․ Երևան, 08 հոկտեմբերի, 2019թ․
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. Հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ
- Մի քանի տասնյակ գործիչներ պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին