ՏՏ ոլորտում հայկական մրցանակը կդառնա միջազգային
Տեղեկատվական տեխնոլոգիաների թիվ մեկ միջազգային կազմակերպությունը` Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը (IEEE), իր ներկայացուցչությունը կունենա Հայաստանում. Կբացվի IEEE-ի համակարգչային բաժնի մասնաճյուղը: Այս մասին այսօր Երևանում անցկացվող WCIT 2019-ի համաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային Սինոփսիս ընկերության ճարտարագետ Երվանդ Զորյանը:
IEEE-ի նախագահ Չեչիլիա Մետրան, ով Հայաստանում է, ներկայացրեց ինստիտուտի մասին տեղեկություններ, նշելով, որ այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ունի 450 հազար անդամներով, ամեն տարի հավանավորում է ավելի քան 1600 տեխնիկական կոնֆերանսներ:
«Հայաստանը շատ ակտիվ է՝ հիանալի գիտնականներով և այս կոնֆերանսը տպավորիչ է: հուսով եմ, մենք կարող ենք ունենալ ավելի սերտ համագործակցություն Հայաստանի գիտնականների հետ»,-ասաց Չեչիլա Մետրան:
ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կարևորեց IEEE-ի մասնաճյուղի ներկայությունը Հայաստանում, նշելով, որ IEEE-ին ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում՝ էէլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների, սեմինարների կազմակերպման և գիտության զարգացման տեսանկյունից:
«Այս կենտրոնի բացումը Հայաստանում մեծագույն իրադարձություն է ՀՀ տեխնոլոգիական արդյունաբերության համար»,-ասաց Արշակյանը:
Նախարարը, խոսելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա մրցանակաբաշխության մասին, որը տրվում է ավելի քան 10 տարի, նշեց, որ նպատակ ունեն այն միջազգայնացնել:
«Այս տարի դեկտեմբերին մենք կունենք այդ մրցանակաբաշխությունը, որը միջազգային դարձնելու խնդիր ունենք, որպեսզի այն միջազգայնորեն ճանաչված լինի: Այդ իսկ նպատակով, այդ մրցանակն այսուհետ կլինի համատեղ մրցանակ՝ IEEE-ի և Հայաստանի կառավարության կողմից: Սա նշանակում է, որ ՏՏ ոլորտում հայկական մրցանակը դառնում է միջազգային»,-ասաց Հակոբ Արշակյանը:
Նախարարը հայտնեց, որ Սիլիկոնյան հովիտ վերջին այցի ժամանակ խնդրել են, որ հաջորդ մրցանակաբաշխությունը, քանի որ այն արդեն միջազգային մրցանակի է վերածվում, տեղի ունենա հենց Սիլիկոնյան հովտում:
«Սա մեծ հնարավորություն կլինի մեծ ընկերությունների ղեկավարներին, հայերին, բարձր տեխնոլոգիական համայնքին՝ հավաքելու հայկական օրակարգի շուրջ»,-ասաց նախարարը: