Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկներով օծանելիք է պատրաստվում թողարկել
«Հայաստանից հետ եմ գնալու նոր գաղափարներով. ունեմ 4 գաղափար ու դրա համար շատ ուրախ եմ: Ես սիրում եմ ճամփորդել ու շատ մտքեր են առաջ գալիս ճամփորդելիս»,- այս մասին այսօր հայտարարեց Քիմ Քարդաշյանը՝ Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովում՝ WCIT 20219:
Հայաստանում Քիմի մոտ ծագած մտքերից, ինչպես նա նշեց, օծանելիքի ստեղծումն է:
«Չեմ ուզում շատ բան ասել, բայց այն լինելու է գեղեցկության բնագավառում հսկայական մի բան, հսկայական գաղափար, որ չեն արել նախկինում: Ինձ ոգեշնչել է երեկ Հայաստանի փողոցներով մեքենայով անցնելը: Մտածում եմ օծանելիքի մասին, որը պատրաստված կլինի հայկական ծաղիկներից»,-ասաց Քիմ Քարդաշյանը:
Հարցին, թե ինչ է զգում Քիմը հայ լինելով ու նաև Հայաստանում տեխնոլոգիական կոնֆերանսի մասնակցելով, Քիմն ասաց, որ չէր կարող ավելի հպարտ լինել:
«Ես իմ երեխաներին եմ բերել Հայաստան, իմ քրոջը՝ Քորթնիին, ով նախկինում այստեղ չի եղել: Մենք հնարավորություն ունեցանք երեկ կնքվել Հայաստանում, և այն ամեն ինչ է մեզ համար: Այս հիշողությունները մեզ հետ կլինեն ընդմիշտ: Սա անձնական հարթությունում: Մենք նկարահանում ենք մեր հեռուստաշոուն այստեղ, մտածում եմ նաև Հայաստանում ամենահասարակ մարդկանց նկարել: Երբ ես իմացա, որ այստեղ անցկացվելու է տեխնոլոգիական համաժողով, ես հնարավորինս շուտ համաձայնեցի մասնակցել: Սա լավագույն պատճառն էր կրկին այստեղ գալ: Այնպես որ, շնորհակալություն: Ես այնքան հպարտ եմ, որ այստեղ անցկացվում է այսպիսի հսկայական տեխնոլոգիական կոնֆերանս»,-ասաց Քիմ Քարդաշյանը:
Նշենք, որ քննարկման վերջում Քիմ Քարդաշյանին նկար նվիրեցին, որում միախառնված էին Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի դիմանկարները: Նկարը ստորագրված էր՝ SAR’YAN: Նկարի հեղինակը Արթուր Սարյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյան. Չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է՝ տեխնոլոգիական համաժողովի համար
- Ալեքսիս Օհանյանը Հայաստանում ուզում է գտնել ներդրումներ կատարելու եղանակներ
- Գարի Վայներչուկ. Հաղորդակցումը մշտապես թելադրել է ամեն ինչ
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին