Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի
Այս տարվա մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության (այժմ արդեն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի դեմ։ Նրա պահանջն էր՝ անվավեր ճանաչել մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, վերականգնել աշխատանքի և վճարել պարապուրդի գումարը։
Հիշեցնենք, որ Ն. Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։
Այսօր դատարանը հրապարակել է վճիռը։ Panorama.am-ի հետ զրույցում Կ. Օրբելյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց բոլոր պահանջները՝ անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանը, պարոն Օրբելյանը վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում։ Դատարանը պարտավորեցրել է թատրոնին վճարելու Կ. Օրբելյանի՝ ազատելուց՝ ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում պարտադիր պարապուրդի գումարը։ Դատարանը պարտավորեցրել է նախարարությանը և թատրոնին փոխհատուցել Կ. Օրբելյանի դատական ծախսերը. փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը՝ 470 հազար դրամի չափով, նաև պետական տուրքի գումարը։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակելուց 30 օր հետո։ Փաստաբանը տեղյակ չէ, արդյոք պատասխանող կողմը կբողոքարկի դատարանի վճիռը, թե ոչ։
Տ. Մարտիրոսյանն ասաց, որ Կ. Օրբելյանին տեղեկացրել է դատարանի վճռի մասին, նա դրական է արձագանքել։
Կոնստանտին Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով թատրոնի տնօրեն։ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Ազատման պատճառներից էր նաև այն, որ Կ. Օրբելյանը հայերենի չի տիրապետում։ Նախարարի որոշումից դժգոհ օպերային թատրոնի անձնակազմը բողոքի ակցիաներ էր իրականացնել՝ պահանջելով վերականգնել Կ. Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնում։
Հարակից հրապարակումներ`
- Նազենի Ղարիբյանը՝ ոչ փոխնախարար, ոչ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
- «Նազենի Ղարիբյանն աշխատում է հայ մշակույթի դեմ»
- Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին
- Կոնստանտին Օրբելյանը դիմել է դատարան
- Կոնստանտին Օրբելյանի «հարցով»
- Կոնստանտին Օրբելյան. Այստեղ ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
- Նազենի Ղարիբյանը նոր «մշակույթ» է հնարել՝ փակել, կպցնել իրար, ոտնատակ տալ
- Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան