Բարաք Օբաման Հայաստան չի եկել երկու օրվա տարբերության պատճառով. Կարեն Վարդանյան
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Հայաստանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովին չի մասնակցել միայն գրաֆիկի պատճառով։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե համաշխարհային համաժողովին չեն մասնակցում համաշխարհային ճանաչում ունեցող կորպորացիաների ներկայացուցչություններ, համաշխարհային դեմքեր։
«Այնպես չէ, որ ինչ նախագծում ես, լինում է։ Բարաք Օբամայի գրասենյակի հետ բանակցել ենք։ Ընդամենը երկու օրվա տարբերություն եղավ Օբամայի գալու հետ կապված։ Նա կարողանում էր Հայաստան գալ հոկտեմբերի 2-4-ը, բայց մեր համաժողովը անցկացվելու էր 6-9-ը։ Դրա համար չկարողացանք համաձայնեցնել»,- նշեց Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Բարաք Օմաման առաջարկել է համաժողովի օրերը փոխել, սակայն դա հնարավոր չէր, քանի որ օրերն ամիսներ առաջ էին որոշել, մասնակիցները մի քանի ամիս է գիտեին, թե երբ են Հայաստան գալու։
Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, թե «WCIT 2019»-ին պետք է մասնակցեին նաև Google-ի, Amazon-ի, Facebook-ի ղեկավարները, սակայն նրանք ևս չեն եկել Հայաստան, Կարեն Վարդանյանն ասաց, որ իրենք հայտարարել են՝ մասնակցելու են տվյալ ընկերություններից ներկայացուցիչներ, որոնք իսկապես մասնակցել են, սակայն ղեկավարների մասին խոսք չի եղել։
«Նրանց մասնակցության մասին հայտարարություն մենք չենք արել»,- ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը։