Կրպակները կհանեն մինչև՝ դնեն
Երևանում ապամոնտաժվում են անօրինական, ինքնակամ, վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած կրպակները, գործընթացը շարունակական է, վարչական շրջանների աշխատակազմերը զբաղվում են դրանցով։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից տեղեկացանք, որ ապամոնտաժվող անօրինական, վարձակալության պայմանագրի ժամկետը սպառած կրպակների տերերին որևէ փոխհատուցում չի հասնում։ Նա նշեց, որ համայնքն ուղղակիորեն փոխհատուցման պարտավորություն չունի։
Հ. Կարապետյանն ասաց, որ վերջերս Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակների կրպակներն ապամոնտաժվել են, քանի որ վարձակալության պայմանագրերի ժամկետները սպառվել էին, պայմանագրերն այլևս չեն գործում։
«Մի քանի շաբաթ տևող ծանուցումների, վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքների արդյունքում մարդիկ ինքնակամ են լքում այդ տարածքները։ Բացի նրանից, որ վարձակալության ժամկետները լրացել են, արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքը կա, որ այդտեղ այդ կրպակների գոյությունը հակասում է անվտանգության կանոններին, տարհանման հետ կապված բարդություններ կարող է առաջանել։ Հետևաբար այդտեղ դրանց գոյությունը նպատակահարմար չէր, անվտանգ չէր»,- ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակը։
Նա նշեց, որ այն կրպակների տերերին, որոնք համագործակցում են համայնքի հետ, բարեխղճություն են դրսևորում, այլ վայրերում կրպակների տեղադրման հնարավորության դեպքում կտրվի առաջնայնություն։
«Համայնքն անընդհատ ապրող օրգանիզմ է, այստեղից հանվող կրպակները, չի բացատվում, որ դրվեն ավելի պատշաճ տեղում, այդ մարդկանց այդտեղ, բնականաբար, հնարավարություն կտրվի»,- ասաց Հ. Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ապամոնտաժվում են կրպակներ
- Նար-Դոս փողոցի կրպակներն ապամոնտաժվում են
- Կրկին կրպակներ` քաղաքապետարանի «կողմից»
- Մետրոյի «Երիտասարդական» կայարանից հանվում են ապօրինի կառուցված կրպակները (Տեսանյութ)
- Ում ինչ է առաջարկվել ապամոնտաժված կրպակների դիմաց
- Մաշտոցի պուրակում կրպակների վրայից հանվել են ապակիները (տեսանյութ)