Կարեն Վարդանյանն արժանացել է մրցանակի, որը տրվել է նաև Նելսոն Մանդելային
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից տրվող մրցանակին՝ «Ականավոր մարդկանց» անվանակարգում:
Կարեն Վարդանյանն այս մրցանակին արժանացել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում իր ունեցած իր ավանդի համար:
ՏՏ ոլորտում ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Կարեն Վարդանյանի ամենակարևոր ու հաջողված նախաձեռնություններից է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնումը հանրային դպրոցներում: Այս նախաձեռնությունն օգնել է 7000 երեխաների բարելավել իրենց կրթությունը, սոցիալական կարգավիճակը, սոցիալ-տնտեսական վիճակը՝ հատկապես գյուղական վայրերում:
Մրցանակը տրվում է այն անհատներին, ովքեր նշանակալի ու խորքային դրական ազդեցություն են ունեցել մյուս մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ և պարտադիր չէ, որ այն կապված լինի տեխնոլոգիաների հետ: Այս հեղինակավոր մրցանակին արժանացել է նաև Նելսոն Մանդելան:
Panorama.am-ի հարցին, թե ինչ է նշանակում այս հեղինակավոր մրցանակը հետագա աշխատանքային գործունեության համար, Կարեն Վարդանյանն ասաց, որ այն իր համար անակնկալ է եղել:
«WITSA-ի այսպիսի մրցանակը, որի որոշումը կայացվում է տարբեր երկրների կողմից, անակնկալ էր ինձ համար: Շատ շնորհակալ եմ: Երեկ երբ Ջեյմսը (WITSA-ի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան-խմբ.) ասաց «Արմաթ», ես հասկացա, որ երևի դա իմ մասին է: Երեկ Դիջիթեք էքսպոյում հետաքրքիր միջադեպ եղավ, երբ խոշոր ընկերություններից մեկի ղեկավարը, անունը չեմ ուզում տալ, ինձ հարցնում է, թե արդյո՞ք այս երեխաները գիտեն, որ իրենք սադրել են մոտ 20 մլն դոլարի ներդրում: Այս կապը երեխաների հետ հուզական ձևով փոխեց այս ընկերության լուծումներն ու ընկերության ղեկավարը որոշել է 20մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,-ասաց Կարեն Վարդանյանը:
Պատասխանելով Երևանում WCIT համաժողովի կազմակերպման աշխատանքների վերաբերյալ հարցին՝ Կարեն Վարդանյանն ասաց, որ այն այնքան ել բարդ չի եղել, քանի որ այս հարցում օգնել է WITSA-ն, որը հսկայական կազմակերպչական փորձ ունի:
«Մենք էլ պատրաստ ենք մեր փորձով կիսվել հաջորդ տարիներին Մալայզիայի ու Բանգլադեշի հետ, որտեղ անցկացվելու են հաջորդ համաժողովները»,-Panorama.am-ին ասաց Կարեն Վարդանյանը:
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի հիմնադիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն է, որն անցկացվում է ամեն տարի: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը: Երևանում համաժողովին մասնակցում են 70 երկրից ավել քան 4000 մասնակիցներ:
Հիշեցնենք, որ Երևանում ՏՏ միջազգային համաժողովն անցկացվում էր հոկտեմբերի 6-ից 9-ը: