Գյումրիում սեպտեմբերի 21-ին տպված ՀԴՄ-ների թիվը չի ավելացել
«Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավալի համարեց Գյումրիի օրինակը։
«Դուք տեղյակ եք, որ անկախության օրվա տոնակատարությունները հիմնականում տեղի ունեցան Գյումրիում։ Գյումրի այցելել է 15 հազար մարդ։ Նրանք, ովքեր այդ օրը եղել են Գյումրիում, կարող են վկայել, որ ամբողջ օրը ռեստորաններում ու սրճարաններում տեղ չկար, շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ինչ շարժ է արձանագրել։ Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այդ օրը տպվել է նույնչափ ՀԴՄ կտրոն, ինչ նախորդ օրերին, առևտրի ծավալը մեծացել է ընդամենը 10 մլն դրամով։
«Բայց տպված ՀԴՄ կտրոնների թիվը չի փոխվել մեկ շաբաթ, կամ 15 օր առաջվա համեմատ։ Սա շատ վատ նորություն է»,-ասաց կառավարության ղեկավարը։
Նա սրտնեղեց, որ կառավարությունը բիզնեսի համար նման լայնածավալ միջոցառում է կազմակերպել, իսկ բիզնեսն ընդառաջ քայլ չի արել։
«Տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել, դա պետք է լինի երկխոսություն։ Դա նույնն է, որ Գյումրիից քայլելով գայինք, ոչ մի արձագանք չլիներ, գնայինք տուն»,-նշեց Փաշինյանը։
Բայց լավ նորություններ էլ կան։ Վարչապետն ասաց, որ 2019-ի առաջին 8 ամիսների տվյալներով նախորդ տարվա համեմատ 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կա։