Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը. Գարեգին Բ
«Արդի աշխարհում վտանգվում են ընտանիքի և նրա առաքելության մասին ընկալումները: Տարածում են գտնում ընտանիքի նվիրական գաղափարը աղճատող եզրույթներ և հասկացություններ, որոնք ներկայացվում են իբրև ժամանակակից կյանքի թելադրանքներ»,- այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ընտանիքի տարվա շրջանակներում կազմակերպված համաժողովին մասնակցում են Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական այրեր, գիտնականներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Իռլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից և Ֆինլանդիայից:
Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով՝ ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաև ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որը զգալի թիվ է կազմում աշխարհում, ներառյալ՝ Հայաստանում:
«Անհանգստացնող այս իրողության պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, բարոյական, նաև տեխնոլոգիաներից կախվածությունը, որը վնասում է ընտանիքում միջանձնական հարաբերություններին: Այս մարտահրավերների համատեքստում Մենք կարևորում ենք համագործակցությունը պետության հետ՝ ի նպաստ ընտանիքների պահպանման ու ամրապնդման և առկա սպառնալիքների կանխարգելման: Հիրավի, ամուր և քրիստոնեական արժեհամակարգ կրող ընտանիքը նշանակում է երկրի, պետության երաշխավորված ապագա:
Ընտանիքի առջև ծառացած հիմնախնդիրները վեր հանելու, անդրադարձ կատարելու և հաղթահարելու տեսլականով Մենք 2019 թվականը հռչակեցինք Ընտանիքի տարի, որպեսզի այդ առումով իրագործվեն առավել նպատակային քայլեր ու նախաձեռնություններ: Մեր Սուրբ Եկեղեցու հովիվները համայնքներում գնահատելի սպասավորություն են մատուցում ընտանիքների ամրության ու զորացման ուղղությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Մայր Աթոռի Միաբանական ժողովի մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր շրջաններում ապրող կարիքավոր ընտանիքներին՝ բերելով իրենց օրհնությունն ու Եկեղեցու նյութական աջակցությունը: Մենք նույնպես Մեր հանդիպումներում, Մեր քարոզներում ու խոսքերում անդրադառնում ենք ընտանեկան խնդիրներին: Առաջիկա ամիսներին ծրագրում ենք նոր հանդիպումներ, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների հետ: Այս ծրագրերը շարունակական են, որոնց ընթացքը պիտի նշանավորվի ամավերջին ընտանիքների օրհնության հատուկ արարողությամբ»,- նշել է նա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նույն օրը երեկոյան` ժամը 17:00-ին, Ս. Գայանե վանքում կմասնակցեն Երեկոյան ժամերգության և ընտանիքների օրհնության արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան