Վարդան Արամյան. Հանրային միջոցներն անսահմանափակ չեն
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամայանն անդրադարձել է եկամտահարկով բնակարան գնելու վերաբերյալ հարցին ու մանրամասնել.
«Հարգելի Գործընկերներ,
Իմ այս վերջին հացազրույցում հնչեցված այն միտքը, թե ընդհանուր տնտեսական գործիքներից զատ պետք է հատուկ գործիքներ մտածենք արտահանողների համար, իսկ փոխարենն այս պահին ունենք օրինակ այդպիսի հատուկ գործիք ոչ արտահանելի հատվածի՝ մասնավորապես բնակարանաշինության համար և դա պետք է վերաիմաստավորել, կարծես թե որոշ հարցեր առաջացրեցին:
- Առաջին հարցը, որ բարձրացվում է անընդհատ այն է, թե այդ գործիքը տնտեսակա՞ն է թե սոցիալական: Ես պնդում եմ որ դա տնտեսական է առայժմ, ինչու, որովհետև սոցիալականի դեպքում պարտադիր պայման է հանրության կոնկրետ սոցիալական շերտի կամ խմբի թիրախավորումը՝ որևէ սոցիալական խնդիր լուծելու նպատակով: Հետևաբար ՀԱՐՑ՝ խնդրում եմ ցույց տվեք, թե հասարակության ո՞ր խմբին ենք թիրախավորում որպես վերջնական շահառու և ի՞նչ սոցիալական խնդիր ենք փորձում լուծել: Պատասխան՝ թիրախավորում ենք բոլորին անխտիր, ներառյալ բարձր եկամուտով անձանց, որոնք կարող են բնակարանի կարիք նույնիսկ չունենալ բայց օգտվեն այս ծրագրից:
- Երկրորդ՝ ինձ հաճախ հարց են տալիս. պարոն Արամյան 55 մլն շեմը, որ դրված է կարծում եք որ սոցիալական շեմ չէ և ցածր եկամուտներով խմբի՞ն չի թիրախավորում: Պատասխան՝ համոզված եմ: Խոսենք թվերով 55 մլն դրամ (շուրջ 115 հազար ԱՄՆ դոլարը) բնակարան գնելու համար պետք է վճարես 25-30% կանխավճար և մնացածը` 38.5 մլն դրամը խնդրես բանկից: Եթե բանկը քեզ տրամադրի վարկ (վերցնենք միջին շուկայական այսօրվա պայմաններ - 12%, 10 տարի մարման ժամկետ, ամսեկան անուիտետային վճարներով (հավասար մասերով մարումներով)) ապա յուրաքանչյուր ամիս վարկառուն պետք է վարկի գծով սպասարկում անի շուրջ 552,360 դրամ:
Այսինքն գնորդը պետք է առնվազն այսքան մաքուր (հարկումից հետո) եկամուտ ունենա: Բայց նա պետք է նաև ապրի և սպառում անի, հետևաբար բանկը կպահանջի, որ գոնե իր եկամուտներից 60%-ն ուղղի վարկին՝ հետևապես ներկայացնի առնվազն 920,000 (552,360/0.6=920,600) դրամի եկամուտ հավաստող աղբյուր: Ընդ որում դա կնշանակի, որ անձը պետք է ունենա 920,000/(1-0.23(եկամտահարկի նոր դրույք) = 1,194,805 դրամ անվանական աշխատավարձ կամ եկամուտ (իսկ գործող եկամտային հարկի դրույքներով շատ ավելի բարձր): Դա մեր տնտեսության միջին ամսեկան աշխատավարձի (շուրջ 180,000 դրամ) վեցապատիկից ավել է (դեռ կանխավճարի՝ շուրջ 34 հազար ԱՄՆ դոլար, խնայողության մասին չեմ խոսում):
ՀԱՐՑ՝ որևէ մեկը կարող է պնդել, որ այսքան եկամուտ ստացող անձը սոցիալապես անապահով կամ ցածր եկամուտով ա՞նձ է, եթե ոչ ուրեմն այդ շեմը սոցիալական շեմ չի կարող համարվել, իսկ եթե պնդում են որ այո ուրեմն մեր տնտեսության միջին աշխատավարձը 180,000 չէ այլ 1,200,000, որն աբսուրդ է:
Եզրահանգում՝ Հանրային միջոցներն անսահմանափակ չեն, և պետք է այն խիստ նպատակային օգտագործվի: Հետևաբար կամ փաստում ենք, որ մենք հատուկ տնտեսական գործիք ենք կիրառում և օժանդակում ոչ արտահանելի հատվածին, կամ այս գործիքը վերաիմաստավորում ենք, որպեսզի իրապես թիրախավորենք որևէ սոցիալական խնդիր և խումբ:
Մնացեք Խաղաղությամբ!»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Հիփոթեքի համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտահարկի գումարներն աճում են
- Մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում եկամտահարկը վերադարձնելու ԼՀԿ առաջարկը մերժվեց
- Մանե Թանդիլյանն առաջարկում է եկամտահարկի վերադարձը կիրառել նաև ոչ նորակառույց բնակարանների ձեռքբերման դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան