Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները ստիպված են սպասել ԿԳՄՍՆ-ի ճանապարհային քարտեզին
Վրաստանի դպրոցներում «Հայոց լեզու և գրականություն» առարկան ու այն դասավանդող ուսուցիչների աշխատանքը վտանգի տակ է։ Այս մասին բարձրաձայնել և բաց նամակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին էր դիմել Վրաստանի Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի «Հայոց լեզվի և գրականության» առարկայի ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանը։
Ուսուցչուհին մտահոգություն էր հայտնել, որ Վրաստանում անց են կացվում դասընթացներ և քննություններ բոլոր առարկաներից՝ բացի «Հայոց լեզվից»։
«Մեր աշխատանքը վտանգի տակ է։ Ես դիմում եմ Վրաստանի հայոց լեզվի բոլոր ուսուցիչների անունից. կազմակերպեք դասընթացներ, քննություններ, մենք էլ սերտիֆիկացվենք, լիարժեք աշխատենք։ Հույս ունեմ, որ կօգնեք մեզ մեր հայրենանվեր գործը շարունակենք»,- գրել էր նա։
Սրա վերաբերյալ Panorama.am-ը ևս գրավոր հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարությանը, թե տեղեկացվա՞ծ են խնդրի մասին ու ի՞նչ ծրագրեր ունեն, որոնցով հնարավոր է օգնել նման վտանգի առաջ կանգնած դպրոցներին։
Ի պատասխան փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նշել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ է Վրաստանում «Հայոց լեզվի և գրականություն» առարկայի ուսուցիչների, ինչպես նաև հայերենով դասավանդվող այլ առարկաների ուսուցիչների ատեստավորման և վկայագրման հետ կապված խնդիրներից և գործնականում առնչվել է դրանց վերջին 5-6 տարիների ընթացքում։ Հարցը բազմիցս բարձրացվել է միջգերատեսչական և միջկառավարական հայ-վրացական հանդիպումներում, սակայն մինչև 2019թ. պաշտոնական իրավական ձևակերպում չի ստացել»։
Նախարարությունից նաև հայտնել են, որ հայկական կողմի հարցադրումները տեղ են գտել 2019թ. հունիսի 17-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությունում։
«Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված է նաև ստեղծել-հայ վրացական աշխատանքային խումբ՝ մինչև սույն տարվա վերջը հարցի լուծման ճանապարհային քարտեզ մշակելու համար»,- պատասխանել են ԿԳՄՍ-ից։
Նշենք, որ բացի սրանից, Վրաստանի հայկական դպրոցներում խնդիր է նաև դասագրքերի պակասն ու հայերենի դասաժամերի կրճատումը, ինչի մասին ևս բարձրաձայնվել է մասնագետների կողմից։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2000 թվականից գործում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիր, որին մասնակցում են հայկական դպրոցներ ունեցող տարբեր երկրների ուսուցիչներ, այդ թվում նաև Վրաստանից։ Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվում են հենց «Հայոց լեզվի և գրականության» խմբերում։
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի դպրոցներին բաժանված ադրբեջաներենով դասագրքերը փոխարինվել են
- Արայիկ Հարությունյան. Ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումները արմատապես կփոխեն համակարգը
- Վրաստանի հայկական դպրոցները ստացել են հայոց լեզվի և գրականության նոր դասագրքեր
- 14700 կտոր դասագրքերն ու աշխատանքային տետրերը Վրաստանի հայկական դպրոցներ կհասնեն նոյեմբերի վերջին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին