20:15 09/10/2019 Հայաստան

Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի. Ալեքսիս Օհանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին:

«Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ և քննարկել համատեղ ծրագրերի, Հայաստանի զարգացման  փոխշահավետ նախագծերի հնարավորությունները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների համար՝ նշելով, որ ուրախ է նորից այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է համաշխարհային մասշտաբի այսպիսի կարևոր տեխնոլոգիական միջոցառում:

«Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի, զարգանալու և բարգավաճելու բազմաթիվ հնարավորություններ  և մաս կազմելու համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի»,- իր խոսքում ասել է Ալեքսիս Օհանյանը:

ՀՀ վարչապետը և ամերիկահայ գործարարը քննարկել են Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ընթացքին, ՏՏ ոլորտում համագործակցությանը, այդ բնագավառում երիտասարդների և կանանց ներգրավվածության խթանմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը մեր երկրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}