Շախմատը Գվարների չունի
Աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ասել է. «Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը»։ Այդ միավորումը զգալու հնարավորությունը շախմատիստին տալիս է հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 փոքր դաշտ ունեցող տախտակն ու ձեռքի տակ գտնվող 16 ֆիգուրը։
Թե ինչ նշանակություն ունի շախմատիստի համար տախտակի ու ֆիգուրների չափը, ձևն ու պատրաստման նյութը, որպեսզի ավելի հաճելի լինի հաղթանակի հասնելու ճանապարհը՝ Panorama.am-ը պարզել է հենց իրենցից՝ շախմատիստներից։
Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Արման Փաշիկյանի համար խաղաքարերի ծանրությունն ու որակը կարևոր է։
«Օրինակ թեթև խաղաքարերը խնդիր ունեն, շատ հաճախ կարող են ընկնել քայլ անելու ընթացքում, դրա համար ֆիգուրները պետք մի քիչ ծանր լինեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Շախմատիստը պատմեց, որ մրցաշարերի ժամանակ խաղատախտակին մոտենալիս առաջին պահին ինչ-որ ուշադրություն դարձնում է՝ խաղաքարերը լավն են, վատն են, դրանից հետո կենտրոնանում է միայն խաղի վրա. «Այնպես չի լինում, որ վատ խաղաս, հետո ասես՝ վատն էին քարերը կամ տախտակը լավը չէր, դրանից էր»։
Փաշիկյանը հիշեց, որ թեթև խաղաքարերի պատճառով մի անգամ արագ խաղի ժամանակ խնդիր է առաջացել։
«Կայծակնային խաղ էր, արդեն վայրկյաններ էր մնացել ավարտին, երբ հակառակորդս քայլ արեց ու բոլոր ֆիգուրները թափվեցին, ժամանակ էլ չկար ու չէինք կարողանում դիրքը հիշել, որ վերականգնեինք, իսկ դադար տալու իրավունք չունեինք, նա արագ-արագ վերականգնեց, և շարունակեց խաղը։ Իսկ ծանր խաղաքարերի դեպքում տախտակի վրա դրանք ավելի հաստատուն են մնում»,- պատմեց շախմատիստը։
Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի, կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի համար շախմատի մասին խոսելը սիրո խոստովանության պես մի բան է։
Լիլիթը նախընտրում է խաղալ փայտե դասական շախմատով, ավելի ծանր խաղաքարերով։
«Երկու տեսակ փայտե շախմատ ունեմ, որոնցով հիմնականում աշխատում եմ։ Մրցաշարերի ժամանակ, երբ մոտենում ես խաղատախտակին, եթե ինչ որ թերություն լինի, ինչը շատ հազվադեպ կարող է պատահել, նկատում ես անմիջապես։ Շախմատիստները խաղի, աշխատանքի ընթացքում ֆիգուրները տեսնում են ոչ միայն տախտակի վրա, այլ նաև մտքում, երևակայության մեջ»,- ասում է շախմատիստուհին ու հավելում, որ պրոֆեսիոնալ շախմատիստներն ավելի շատ հարմարությանն են նայում։
Նա պատմեց, որ վարպետ չունի, ով իր համար շախմատ է պատրաստում, բայց շատ կցանկանա իր համար հատուկ խաղատախտակ պատվիրել, որի վրա ավելի հեշտ կլինի մարզվել։
Լիլիթ Գալոյանը նշեց, որ տեսակով կոլեկցիոներ չէ և չունի հավաքածուներ, շախմատի տեսքով ստացած նվերներն էլ շատ չեն. «Ես էլ եմ շախմատ նվիրում ուրիշներին, սիրում եմ ապակուց շախմատ է նվիրել, որոնով և կարելի է խաղալ, և որպես հուշանվեր պահել»։
Իսկ թե խաղում ո՞րն է իր ամենասիրելի ֆիգուրը՝ շախմատիստուհին ասաց. «Զինվորը, այն ապագա ունի, փոխակերպելու ու ընտրության հնարավորություն ունի՝ ի տարբերություն մյուս խաղաքարերի»։
Շախմատիստ, միջազգային վարպետ Աղասի Ինանցը հայտնեց, որ ՖԻԴԵ-ի կողմից հաստատված Staunton շախմատի տեսակ գոյություն ունի, որով անցկացվում են միջազգային մրցաշարերն ու Աշխարհի առաջնությունը։
«Պրոֆեսիոնալ խաղերի ժամանակ նախընտրում եմ հենց այդ տեսակով խաղալ, սակայն որպես հոբբի մի ժամանակ տարբեր թեմաներով շախմատներ էի հավաքում։ Օրինակ Ավարայրի ճակատամարտի թեմայով խաղաքարեր ունեմ, բայց կարծում եմ պրոֆեսիանալ շախմատիստի համար ավելի հարմար է խաղալ այնպիսի շախմատով, որը պաշտոնական մրցաշարերի ժամանակ է տեսնում»,- նշեց Ինանցը։
Գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը այդքան էլ բծախնդիր չէ այս հարցում՝ մրցաշարերի ժամանակ նախընտրում է փայտից, իսկ տանն այս պահին օգտագործում է ոչ փայտե խաղաքարեր ու տախտակ։
«Շախմատ պատրաստող վարպետների չեմ ճանաչում, բայց Վերնիսաժում միշտ հանդիպում եմ և ուշադրությունս գրավում են շախմատի տաղավարները։ Այսպես կասեմ՝ ինչպես մնացած ամեն ինչ, այնպես էլ շախմատի քարերը՝ չափի մեջ են գեղեցիկ»,- նկատեց Լիլիթը։
Շախմատիստուհին նաև նշեց, որ եթե մրցաշարերի ժամանակ հանդիպի այնպիսի խաղաքարեր, որոնք կարող են ազդել շախմատիստի վրա, նա կարող է դիմել դատավորին ու հնարավորության դեպքում փոխել դրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին