Չեխ մասնագետ. Հայաստանի ազգային գրադարանը գրքերի վերականգնման գործում նոր մոտեցման կարիք ունի
Հայաստանի ազգային գրադարանի տնօրինության հրավերով աշխատանքային այցով գրադարանում հյուրընկալվել է Չեխիայի ազգային գրադարանի վերականգնման բաժնի աշխատակից Զուզանա Միլներովան: Տնօրեն Հրաչյա Սարիբեկյանի հետ հանդիպումից հետո, Միլներովան շրջել է գրադարանի բաժիններում, հյուրընկալվեց նաև գրատպության թանգարանում:
Չեխիայի ազգային գրադարանի աշխատակիցը ավելի երկար կանգ է առել Տպագիր արտադարանքի վերականգնման և հրատարակչական ծառայությունների բաժնում, ծանոթացել է աշխատանքային նյութերին, վնասված գրքերի վերականգնման մեթոդներին, որ կիրառվում է Հայաստանի ազգային գրադարանում:
«Հիանալի գրադարան ունեք, ամեն ինչ շատ գեղեցիկ է և տպավորիչ, սակայն պետք է նշեմ, որ գրքերի վերականգնման գործընթացում նոր մոտեցման կարիք է զգացվում, մեզ մոտ, օրինակ, ավելի շատ ու ժամանակակից սարքավորումներ են օգտագործվում, գործընթացն այլ կերպ է կազմակերպվում: Հուսամ նման հանդիպումները, փորձի փոխանակման ծրագրերը հաճախ և արդյունավետ կլինեն»,- նշել է նա:
Գրադարանից տեղեկացնում են, որ այնուհետև Զուզանա Միլներովան հանդես է եկել փորձի փոխանակման ծրագրով: Գրքերի մշակման, վերականգնման և թվայնացման թեմայով զեկույցին զուգահեռ նա տեսաշարով ներկայացրել է գրքի խնամքի ու վերականգնման եղանակներն ու մոտեցումը, որ կիրառվում է Չեխիայում, պատմել է տեխնոլոգիական նորամուծությունների մասին:
«Գրքերի վերականգնման համար օգտագործվող նյութերը, որ տեսա Ազգային գրադարանում, գրեթե նույնն են, ինչ Չեխիայում: Մոտեցումն է տարբեր, ավելի զարգացած տեխնոլոգիաներ են օգտագործվում, սակայն պետք է ընդգծեմ, որ այն ռեսուրսով ինչ դուք ունեք, բավականին լավ գործ է արվում»,- նշել է Միլներովան՝ կարևորելով փորձի փոխանակման ծրագրերն ու հույս հայտնելով, որ նման ձևաչափի հանդիպումները հաճախ կլինեն:
Հայաստանի ազգային գրադարանի Տպագիր արտադրանքի վերականգնման բաժինը «գրքերի շտապօգնությունն» է համարվում: Այստեղ զբաղվում են տպագիր արտադրանքի խնամքի, պահպանման, վերականգնման խնդիրներով: Բաժինը հսկողություն է իրականացնում գրապահոցում պահպանվող ֆոնդերի նկատմամբ, հայտնաբերում է «հիվանդ» տպագիր միավորներ և զբաղվում դրանց բուժմամբ և ախտահանմամբ: Առանձնակի մոտեցում է ցուցաբերում հնատիպ գրականության վերականգնմանը՝ հազվագյուտ գրքեր, թերթեր, հին քարտեզներ, արժեքավոր լուսանկարներ, հմայիլներ և այլն: Տարվա ընթացքում վերականգնվում է շուրջ 100 հնատիպ գիրք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան