Գյուղերում ապրող մինչև 2 տարեկան երեխաներ խնամող շուրջ 26-28 հազար ընտանիքի կտրամադրվի խնամքի նպաստ. Սաիյան
«2020 թվականի պետական բյուջեով նախատեսված լրացուցիչ շուրջ 5,3 միլիարդ դրամը կուղղվի հանրությանը տրամադրվող դրամական նպաստների չափերի բարելավմանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերն և նոր ծրագրերը:
Նա հիշեցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որով նախատեսվում է 2020 թվականից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին և երկրորդ երեխայի դեպքում սահմանել 300 հազար դրամ, ինչն այսօրվա գործող չափերի համաձայն 50 հազար դրամ է, երկրորդի դեպքում՝ 150 հազար։
«Այսինքն՝ փաստցի կարող ենք արձանագրել, որ շուրջ վեց անգամ ավելանում է առաջին երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստը, երկու անգամ՝ երկրորդ երեխայի համար նախատեսվածը։ Անփոփոխ կմնա միանվագ նպաստի չափերը երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, այսինքն երրորդ և չորրորդ երեխայի համար կտրմադրվի 1 մլն դրամ, հինգերորդ երեխայի համար 1,5 մլն դրամ»,- նշեց փոխնախարարը։
Սաիյանն ասաց, որ այս նպատակով 2020 թվականի նախագծով նախատեսված է լրացուցիչ շուրջ 3,8 մլրդ դրամ. «Բյուջեում դրված միջոցները մեզ հնարավորություն կտան հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի պարագայում արդեն երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակել և վճարել նշածս բարձրացրած չափերով»։
Հաջորդ նորամուծությունը, Սաիյանի խոսքով, ևս ևս պետական բյուջեի շրջանակներում է. «2020 թվականից կավելացվի նաև մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը, այսօր տրվող 18 հազար դրամը կդառնա 25 հազար 500 դրամ։ Միաժամանակ նախատեսվում է խնամքի նպաստ նշանակել և վճարել, անկախ աշխատելու հանգամանքից, գյուղական բնակավայերում բնակվող ընտանիքներին»։
Փոխնախարարը նշեց, որ գյուղական համայնքներում ՄԱԿ-ի հիմնադրամի աջակցությամբ ուսումնասիրություն են կատարել, ինչ էլ իր ազդեցությունն է ունեցել վերը նշված որոշման վրա։
«Արտագաղթն ու ներքին միգրացիան գյուղում շատ է, ավելի քիչ երիտասարդներ են սկսում բնակվել այնտեղ, ձգտում են մարզային քաղաքներ կամ Երևան, ինչ էլ բերում նրան, որ գյուղական բնակավայրերում բավականին ցածր է ծնունակ տարիքի կանանց կամ աղջիկների, կամ ընդհանրապես այդ տարիքում գտնվող ընտանիքների թվաքանակը։ Մյուս կարևոր ազդեցությունը գյուղերում առկա սոցիալ տնտեսական իրավիճակն է, որն էլ փոխկապակցված է վերը նշված խնդիրների հետ»,- ասաց նա։
Սաիյանը տեղեկացրեց, որ տարեկան գյուղական բնակավայրում ապրող մինչև երկու տարեկան երեխաներ խնամող շուրջ 26-28 հազար ընտանիքի կտրամադվի խնամքի նպաստ։
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետներ. Ծնելիության խթանման համար պետք են մտածված, հետազոտված և երկարաժամկետ գործողություններ
- Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի նվազել. ժողովրդագիր
- Երեխայի ծննդյան նպաստի բարձրացումն այդքան էլ ուժեղ չի ազդում ծնելիության մակարդակի վրա. Աննա Հովհաննիսյան