Փաշինյան. Ալիևի ելույթից տպավորություն է, որ Հիտլերի փոխարեն նացիստական շարժման առաջնորդը Նժդեհն էր
Այսօր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում Գարեգին Նժդեհի մասին դիտարկումներին, Երևանում նրա արձանին ու Ալիևին մեղադրել պատմությունը սուբյեկտիվորեն մեկնաբանելու մեջ։
«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե պատերազմում Հիտլերը երկրորդական դերում էր, իսկ նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր: Իսկ ճշմարտությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացիայի, Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, շատ ռուս սպաների հետ, 1918թ.-ին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատված: Ես ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ շատ կարևոր է, որ մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը: Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանք, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այս ամենը որպես փաստ ընդունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ տեղին չի համարում, երբ այս ձևաչափն օգտագործվում է պատմությունը խեղաթյուրելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձվում պատերազմի վետերաններին, և միայն վերջերս է կառավարությունը կրկնապատկվել Հայրենական պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ իր ելույթում, խոսելով «Մեծ հայրենական պատերազմում Ադրբեջանի ունեցած ներդրման մասին», ի թիվս այլի, անդրադարձել էր հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին ու ասել, թե «պետությունների ղեկավարները բազմիցս դեմ են արտահայտվել նացիստների հերոսացմանը, սակայն, դժբախտաբար, դա տեղի է ունենում ԱՊՀ-ում, մասնավորապես Հայաստանում, որտեղ Երևանի կենտրոնում տեղադրվել է Նժդեհի արձանը, որը համագործակցել է նացիստների հետ»։ Ալիևը հիշեցրել էր, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան