ՀՀ-ում ԱՄԷ դեսպան․ «Արաբական անկյան» բացումը մեր կողմից աջակցություն է կրթության ոլորտին
ՀՀ-ում ԱՄէ դեսպանատան աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, IBBY Հայաստանի և IBBY ԱՄԷ-ի նախաձեռնությամբ ՝ հոկտեմբերի 11-ին, գրադարանում տեղի է ունեցել «Արաբական անկյան» պաշտոնական բացումը:
«Արաբական անկյան» բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ՀՀ-ում ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, դեսպանության ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու հյուրեր:
Ողջունելով ներկաներին «Արաբական անկյան» պաշտոնական բացման առիթով՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը նշեց, որ բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցային կապերը և միջմշակութային հաղորդակցությունը գրադարանի գործունեության առաջնահերթություններից են, ուստի պատահական չէ, որ տարիների ընթացքում գրադարանում հիմնված գերմանական, իրանական, չինական անկյունների շարքում, այսուհետ, իր ուրույն տեղը կզբաղեցնի նաև «Արաբական անկյունը»:
«Գրադարանի այս տարվա մշակութային իրողություն դարձած նախաձեռնությունների և ծրագրերի շարքում յուրովի է իմաստավորվում «Արաբական անկյան» բացումը, որը, վստահ եմ, արաբական աշխարհի հարուստ պատմությանը, մշակույթին, գրականությանը, արվեստին, կենցաղին և ավանդույթներին ծանոթանալու, ինչպես նաև հայկական և արաբական լեզվամշակույթների ներկայացուցիչների միջև արդյունավետ հաղորդակցության հարթակ կդառնա»,- ասաց նա:
Գրադարանի տնօրենը վստահություն հայտնեց, որ «Արաբական անկյունը» հնարավորություն կտա ընթերցողներին ոչ միայն հաղորդակցվել, այլև մշակութային երկխոսության միջոցով զարգացնել ու բացահայտելու իրենց մտավոր ներուժն ու ունակությունները: Ռ. Տոնոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և գրադարանի անունից շնորհակալագիր հանձնել ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը փոխանցեց նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի և շնորհակալական խոսքը ծրագրի աջակիցներին և կազմակերպիչներին՝ Հայաստանի մշակութային և կրթական լավագույն հաստատություններից մեկում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, «Արաբական անկյան» բացման և այն մանկական գրականությամբ համալրելու համար:
Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ նորաբաց անկյան միջոցով հայ երեխաները կծանոթանան արաբական մշակույթին, պատմությանը, ինչն էլ կնպաստի արաբերենի նկատմամբ հետաքրքրության խորացմանը՝ առավել արդյունավետ դարձնելով միջմշակութային երկխոսությունը:
«Գրադարանը համալրվել է արաբական բազմաժանր գրականությամբ, մասնավորապես՝ հեքիաթներով, որը գրականության կարևոր ժանրերից է. այն խորությունը և ազդակները որոնք գալիս են հեքիաթներից շատ հետաքրքիր և կարևոր դռներ կարող են բացել երեխաների ճանաչողության, աշխարհընկալման, մարդասիրության տարածման առումով»,- նշեց Ն. Խաչատուրյանը:
ՀՀ-ում ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին շնորհավորել է ներկաներին կարևոր ծրագրի իրականացման կապակցությամբ և նշեց, որ այս համագործակցությունը աջակցություն է կրթության և մշակույթի ոլորտներին:
««Արաբական անկյան» բացումը կարևոր է երեխաների, ապագա սերունդների համար և մենք այստեղ ենք, որպեսզի ավելի խորացնենք ու զարգացնենք միջմշակութային երկխոսությունը: Իրականացնելու ենք նաև այլ նախաձեռնություններ և ծրագրեր մշակույթի և կրթության ոլորտներում»,- ասաց դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան