«Հրապարակ». Վարչապետի տիկնոջ վարսահարդարին ազատել են աշխատանքից
«Առաջին տիկին Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանը, որը Ֆեյսբուքում Խուդոյան ազգանունով է գրանցված, արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա գործը կառավարությունում վարչապետի տիկնոջ, երբեմն էլ՝ վարչապետի անձնական «սթայլով» զբաղվելն էր։ Եվ որպեսզի Աննա Հակոբյանը մշտապես խնամված տեսք ունենա, նա իր անձնական վարսահարդար-ոճաբանին տանում էր հետը օտարերկրյա այցերի, ինչն էլ մամուլում քննարկման առիթ էր դառնում։
Ու որպեսզի վարսավիր Սոֆյայի՝ պաշտոնական այցերին մեկնելն օրենքով հիմնավորված լիներ, ֆորմալ նշանակեցին վարչապետի «օգնական»՝ դրանով լեգիտիմացնելով վարչապետի վոյաժներին նրա մասնակցությունը։ Օրերս տեղեկացանք, որ Սոֆյային ազատել են աշխատանքից, ընդ որում՝ բավականին անակնկալ եւ կոշտ ձեւով։ Մեզ ասացին, որ դժգոհ են եղել նրա աշխատանքից, համարել են, որ նա է մեղավոր, որ վարչապետի տիկնոջ հագուկապն ու ոճը պարբերաբար քննարկման առարկա են դառնում, եւ նրան նոր ոճաբանով են փոխարինել։
Թեպետ մեկ այլ աղբյուր էլ պնդեց, որ Սոֆյան ինքնակամ է դուրս եկել՝ որոշել է իր սեփական «սալոնը» բացել։ Փորձեցինք լուրը ճշտել Աննա Հակոբյանի գրասենյակից։ Վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ Սոֆյան օգոստոսին է ազատվել աշխատանքից՝ իր դիմումի համաձայն։ Ապա հիշեցրեց, որ Սոֆյան կառավարության արարողակարգի բաժնում էր գրանցված, ուստի առաջարկեց դիմել կառավարություն։ Այստեղից, սակայն, մեզնից գրավոր հարցում պահանջեցին՝ այս պարզ հարցին պատասխանելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: