Դամասկոսը կարող է կանգնեցնել թուրքական զորքերին. արաբագետ
Տարածաշրջանի առումով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները բացասական հետևանքներ կարող են ունենալ: Թուրքիան նպատակ ունի օսմանյան կայսրության նախկին տարածքներում ուժեղացնել իր դիրքերը, այսինքն՝ Սիրիա, Իրաք, Լիբանան և այլ:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող գործողություններին, մասնավորապես ընդգծեց. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան հավակնոտ ծրագրեր ունի տարածաշրջանում և այս առումով չենք կարող բացառել, որ նույն հետաքրքրությունները կարող են առաջանալ և Իրաքի, և Լիբանանի նկատմամբ: Այսինքն՝ այնտեղ, որտեղ թուրքական ակտիվություն է նկատվում: Ամեն դեպքում Թուրքիան այս պահին ուժեղացնում է իր դերքերը Սիրիայում»:
Ինչ վերաբերում է գերտերություններին, մասնավորապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջամտությանը, ապա արաբագետն այն կարծիքին է, որ բոլոր դեպքերում Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների սկսելը համաձայնեցված էր թե Ռուսաստանի և, թե ԱՄՆ-ի հետ, քանի որ յուրաքանչյուրն այս հարցում ունի իր շահերը:
«Ռուսաստանը փորձում է Թուրքիային կտրել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից, հատկապես Սիրիայի տարածքում: Այս առումով որոշ հակասություններ կան ԱՄՆ-ի հետ: Մյուս կողմից էլ Ռուսաստանը փորձում է նաև քրդերին ցույց տալ, որ ձեր դաշնակիցը (այսինք ՝ ԱՄՆ-ն) այդքան էլ վստահելի չէ: Մոսկվայի շեշտը պաշտոնական Դամասկոսն է: Հետագան ցույց կտա,թե քրդերը կգնան նման համաձայնության Դամասկոսի հետ, թե ոչ: Բոլոր դեպքերում սա հնարավորություն է բանկցություններ սկսել Դամասկոսի հետ, որը կարող է կանգնեցնել թուրքական զորքերին և ցույց տալ, որ Սիրիայում լեգիտիմ ընտրված իշխանությունը Բաշար Ասադն է»,- ասաց արաբագետը:
Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում Թուրքիայի գործողությունների նկատմամբ միջազգային արձագանքը հիմնականում բացասական է: Թե ԵՄ երկրները և թե հատկապես արաբական երկրները՝ Սաուդիան Արաբիա, Եգիպտոս, կոշտ քննադատեցին Թուրքիային՝ ռազմական գործողություններ սկսելու համար: