«Բավական է» արշավն՝ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկել է #Բավականէ (#Bavakane) ոչ առևտրային սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։
Արշավի նպատակներն են Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների, ապագայում երևույթի ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։
Արշավի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 11-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ։
Հուշարձանի ընտրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին, այն երկրի ամենաբարձր արձանն է և տեսանելի է քաղաքի շատ հատվածներից։ Մայր Հայաստանը ոչ միայն ռազմական խորհուրդ կրող արձան է, այլ նաև հայ կնոջ հավաքական կերպարն է, ինչն այն դարձնում է հարմար հարթակ՝ աղջիկ երեխայի և ընդհանրապես հասարակության մեջ կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի մասին բարձրաձայնելու համար։
Միջոցառման օրը արձանի լուսավորությունն անջատվել էր։ Այնուհետև հատուկ տեխնիկայի կիրառմամբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով։ Այս գույնն ասոցացվում է տագնապի կամ կանգ նշանի գույնի հետ և անմիջապես գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանի պատվանդանի վրա պրոյեկցիայի միջոցով հեռարձակվում էին արշավի հիմնական ուղերձները։
Նշենք, որ արշավի նախաձեռնողն է Doping ստեղծարար ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի անունն ու պաշտոնական հեշթեգն է՝ #ԲավականԷ (#Bavakane)։ Արշավի առաջխաղացումն իրականացվելու է հայտնի անձանց, սոցցանցերի ու տարբեր ԶԼՄ-ի ներգրավմամբ։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1993թ-ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը շեղվել է՝ տատանվելով 110-ից 120 տղա 100 աղջկա դիմաց միջակայքում: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
Թեև ծավալուն աշխատանքի արդյունքում 2010թ-ից ի վեր այս ցուցանիշը տարեցտարի նվազել է՝ 2018 թ-ին հասնելով 111 տղա 100 աղջիկ հարաբերակցության, Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում՝ Չինաստանի և Ադրբեջանի հետ միասին։
Երևույթի հիմքում աղջիկ երեխաների թերարժևորումն է, բայց հետևանքները լինելու են թե՛ ժողովրդագրական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական։
«Այսպես շարունակելու դեպքում, մինչև 2060թ. 93,000 աղջիկ չի ծնվի, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը կնվազի հավելյալ 80,000-ով»,- ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան