Եթե գրողը տաղանդավոր վեպ է ստեղծում, դա ինձ համար նույնն է, երբ գործարարը տաղանդավոր արտադրանք է ստեղծում. վարչապետ
«Տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են, ովքեր գործարար են բառի բուն իմաստով, ովքեր կարողանում են ներդնել իրենց ինտելեկտը, տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել ավելացված արժեք»,- այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք չունեն այդ կարողությունները, կառավարությունը պետք է աջակցի ծրագրերով, կրթության բարելավմամբ:
«Հաջողություն եմ մաղթում համաժողովի մասնակիցներին, հույս ունեմ, որ այս ստեղծագործ միջավայրում կլսենք ստեղագործ նոր մտքեր, կառնչվենք նոր գաղափարների, որոնք մեզ կօգնեն շարունակել ճանապարհը: Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած է, և դա նախ տեղի է ունենում մարդկանց մտքերում: Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն է, որը ցույց տվեց հեղափոխության գաղափարաբանությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև ասաց, որ այսօր տնտեսական թիվ մեկ գործոնը տաղանդն է, ինտելեկտը, ազնվությունը և առաքելության գիտակցումը։
«Եթե գրողը ստեղծում է շատ լավ և տաղանդավոր վեպ, դա ինձ համար նույնն է, երբ որևէ գործարար ստեղծում է տաղանդավոր արտադրանք, բրենդ, որը փոխում է մարդկանց, իրականությունը, հայրենիքը դեպի լավը: Եվ ուրեմն, նախ փոխենք ինքներս մեզ, մեր միջավայրը և փոխենք մեր հայրենիքը, որը պետք է դառնա մեր բոլորիս համընդհանուր երազանքների երկիրը: Ոչ թե մի քաղաքական թիմի երազանքի երկիր, այլ մեր երազանքները պետք է լցնենք մի մեծ կաթսայի մեջ, որը կեփվի և արդյունքում կդառնա մեր ազգային համընդհանուր երազանքը, որովհետև տնտեսական հեղափոխությունն ազգային երազանքների իրականացման մասին է: Դրա համար պետք է ունենանք հզոր պետություն, ոը ստեղծում է, արտահանում է և որը կարողանում է իր ուսերին կրել ազգային երազանքների բեռը»,- ընդգծեց վարչապետը։
Նշենք, որ համաժողովի ընթացքում ներկայացվում է մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:
Համաժողովին ներկա են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողներ: Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Հայաստանում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր ու իշխանամետ գործարարների. վարչապետ
- Կամ հաջողելու ենք, լավ երկրում ենք ապրելու, կամ այլ՝ վատ տարբերակ չկա. Արագածոտնի մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում