Մենք շահագրգռված ենք, որ Արցախի գյուղատնտեսությունը լինի ճկուն, մրցունակ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր ելույթում Նախագահը նշել է, որ կոնֆերանսում քննարկվող թեմաները հետաքրքիր են ու պահանջված և առանձնակի տեղ են զբաղեցնում մեր հանրապետության սոցիալ-տնտեսական օրակարգում:
«Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից է և այսուհետ էլ կմնա մեր հանրապետության տնտեսական համակարգի հիմնասյուներից մեկը: Այս ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք, որ Արցախի գյուղատնտեսությունը լինի ճկուն, մրցունակ, լայնորեն օգտագործի տարբեր երկրների առաջատար փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները, բնական է, հաշվի առնելով մեր տեղական յուրահատկությունները: Եվ այս տեսակետից նման միջոցառումների անցկացումն Արցախում պահանջված է»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:
Երկրի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» և «Երախտագիտություն» մեդալներով պարգևատրել է Արցախի և Հայաստանի Հանրապետության կառավարական, գիտակրթական և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում