Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվել է անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ
Այսօր ոստիկանությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը անձնակազմին է ներկայացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում նոր նշանակված ծառայողներին։
Խոսելով ճանապարհային ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին, Արման Սարգսյանը նշել է, որ առաջխաղացումներ ունենալու են միայն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ու գրագետ ոստիկանները և նշանակումները լինելու են անակնկալ։
Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվել է անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ, առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար խաչմերուկներում կազմակերպել ծառայությունը ոչ միայն ֆիսքված ժամաքանակով, այլև՝ ըստ երթևեկության ծանրաբեռնվածության։
Ամփոփելով խորհրդակցությունը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս է հայտնել, որ անձնակազմը կգիտակցի ոստիկանության ղեկավարության ներկայացրած պահանջներն ու միասին կանեն ամեն ինչ ապահով ու անվտանգ երթևեկություն ապահովելու ուղղությամբ։