Այսօր Հայաստանում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր ու իշխանամետ գործարարների. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում մեկնարկած «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովին։ Նախատեսվում է, որ համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:
Վարչապետն իր ելույթում նշեց, որ համաժողովները շարունակում են իրենց երթը Հայաստանում և լավ առիթ է համաժողովների ժամանակ խոսել ընթացիկ տնտեսական իրավիճակի մասին :
Խոսելով տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշի մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարի կունենանք մոտ 7% տնտեսական աճ։
«Դա բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում, և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է և 7% աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է մեզ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են, և կարող են դառնալ իրականություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ այդ մասին են վկայում նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր էր:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանը վերափոխող մեգանախագծերի ստեղծումը՝ նշելով, որ այսօր դրանց համար ֆինանսական հնարավորություն կա:
«Հայաստանի Հանրապետությունն այս տարի կամփոփի միջազգային պահուստների առումով պատմական ռեկորդային ցուցանիշով: Այսինքն՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա նույնպես կարևոր արդյունք է, որը վկայում է նաև մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին»,- ընդգծեց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով՝ Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում, այսինքն՝ Հայաստանի շուկայում 9 ամիսների արդյունքներով 433 մլն դոլար հավելյալ արտարժութային միջոցներ են հայտնվել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա կապված է հիմնականում զբոսաշրջության աճի հետ, և չափազանց մեծ և նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքացիների համար:
Վարչապետը նաև ասաց, որ եվրոբոնդերի թողարկումից հետո միջազգային տնտեսական հանրության գնահատումներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը Հայաստանում տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:
«Ես չեմ ուզում սա ձևակերպել որպես հաջողություն, քանի որ հաջողություն ասելով՝ մենք բոլորովին այլ բան նկատի ունենք, մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործընկերություն՝ Կառավարության և բիզնեսի միջև: Վարչապետը վստահեցրեց, որ բիզնեսի համար ստեղծված են բոլոր հնարավորությունները։
«Հայաստանում այսօր չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Գործարարների շրջանում մենք չունենք ընդհանրապես թշնամիներ։ Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,- հայտարարեց վարչապետը:
Նա նաև ընդգծեց, որ իր կառավարության գործունեության՝ 1,5 տարվա ընթացքում չունեն սեփականության վերաբաշխման որևէ դեպք:
«Ցանկացած գործարար, ով քարը քարի վրա է դնում, օրենքի շրջանակներում է գործում, հարկ է վճարում, ՀՀ կառավարությունը պետք է ամուր կանգնի այդ գործարարի թիկունքում՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, համակրանքներից և հակակրանքներից»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ կարևոր գործոնն անհատական ջանքն է, որը բերելու է տնտեսական հեղափոխության. «Աղքատության հաղթահարման միջոցը տեսնում ենք այն, որ մեր քաղաքացիներին քաջալերենք, նրանք զրոյից բիզնես ստեղծեն և ոտքի կանգնեն։ Բարեգործության այն մոդելը, որ երկար տարիներ կիրառվել է հայաստանում, դա դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ հակառակը՝ խանգարել»։
Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի. «Հեղափոխության իմաստը սա է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում