2020-ին էլեկտրաէներգիայի ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. վարչապետ
«Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում մարզի գործարարների հետ հանդիպմանը։
«Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչև հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչև հիմա փոքր և միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր և միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է վարչապետը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խոսելով բիզնեսի «խաղի կանոնների» մասին` վարչապետը նկատել է, որ շատերն ասում են, թե դրանք պարզ չեն:
«Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին և' պետական և' ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող և թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու և գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»,- ասել է վարչապետը` անդրադառնալով խաղողի մթերման գործընթացում գործարանի և գյուղացու հարաբերություններին:
Անդրադառնալով նաև էլեկտրաէներգիայի մատակարարումների գործընթացում առկա խնդիրներին` վարչապետը ներկաներին է փոխանցել ՀԷՑ-ի սեփականատիրոջ խոսքերը, որ 2020 թվականին ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր:
Հարակից հրապարակումներ`
- Եթե գրողը տաղանդավոր վեպ է ստեղծում, դա ինձ համար նույնն է, երբ գործարարը տաղանդավոր արտադրանք է ստեղծում. վարչապետ
- Այսօր Հայաստանում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր ու իշխանամետ գործարարների. վարչապետ
- Կամ հաջողելու ենք, լավ երկրում ենք ապրելու, կամ այլ՝ վատ տարբերակ չկա. Արագածոտնի մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում