Նորաշենի նախկին համայնքապետի հետ միջանձնային որևէ խնդիր չի եղել. Գարիկ Սարգսյան
«Ավագանու նիստն ու Նորաշենի համայնքապետի ազատման որոշումը կայացվել են օրենքին համապատասխան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի` պաշտոնից ազատմանը:
Նա հիշեցրեց ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, որի համաձայն որոշումը կայացվում է ավագանու ներկա անդամների 2/3-ով. «Նիստին ներկա է եղել 5 անդամ, և արձանագրությունը ստորագրել են 4-ը: Դա ապահովում է 2/3-ը»։
Լրագրողների հարցին, թե նախկին համայնքապետը նշել է, որ իր հետ անձնական հակասություններ ունի, քանի որ չի սատարել ԱԺ ընտրություններում, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի նման խնդիր չի եղել, ինքն էլ կարող է փաստել: Իրեն էլ կարող եք հարցնել` մեր հարաբերությունները լավ են եղել, թե վատ: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, մենք նույն օրն ենք ընտրվել համայնքի ղեկավար, ծանոթացել ենք մարզպետարանում, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, դեռևս 2017 թվականին, երբ իր նկատմամբ մահափորձ էր իրականացվել, ես իրեն զանգել եմ, որպիսությունը հարցրել եմ: Հեղափոխության օրերին կոչ եմ արել միանալ հեղափոխությանը: Մեր հարաբերությունները շատ լավ են եղել հեղափոխությունից հետո, երբ ես նշանակվել եմ մարզպետ»:
Մարզպետի խոսքով՝ նրա հետ միջանձնային որևէ խնդիր չի եղել, ինքը զուտ նրանից պահանջել է, որ հաշվետու լինի ավագանու առաջ և եռամսյակային հաշվետվությունը կամ տարեվերջյան բյուջեի կատարողականը պատշաճ ներկայացնի ավագանուն։
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ հիմքով է նշանակվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Նշանակել եմ` ելնելով զուտ այն բանից, որ ինքը ավագանու ամենաշատ ձայներ հավաքած անդամն է: Ես ոչ մի համայնքի ղեկավարի աջակցության կամ ծառայության կարիքը չեմ ունեցել, այդ թվում` Նորաշեն համայնքի ղեկավարի»:
Հարակից հրապարակումներ`
- Նորաշենում ժամանակավոր համայնքապետը ոստիկանների ուղեկցությամբ մտել է համայնքապետարան
- Նորաշենցիները դեռ սպասում են. «Բարեհաճեք մոտենալ մեզ»
- «Եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ, մինչև հարգեք նորաշենցու պահանջը»
- Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան