Արաբագետ. Սիրիայում իրավիճակը փոխվում է ժամերի տարբերությամբ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը մի քանի կետերով ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այսօր Սիրիայում։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 13-ին սիրիական իշխանությունների և, այսպես կոչված, Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանների «Ինքնավար վարչակարգի» միջև Մոսկվայի միջնորդությամբ կայացել է համաձայնություն։
«Դրանից հետո՝
1. Սիրիական կառավարական ուժերը շարժվում են քրդական տարաբնույթ կառույցների կողմից վերահսկվող տարածքներ միաժամանակ և՛ Եփրատ գետից արևելք, և՛ արևմուտք ուղղություններով:
2.Հատկապես Եփրատից արևմուտք՝ Մանբիջ և Քոբանի շրջաններում դեռևս առկա են սահմանափակ քանակությամբ ամերիկացի զինծառայողներ: Ընդ որում, Մանբիջում վերջինները տևական ժամանակ է՝ համատեղ պարեկային գործառույթ են իրականացրել թուրք գործընկերների հետ: Քրդական աղբյուրների համաձայն՝ Մանբիջում տեղակայված ամերիկացի զինծառայողները խոչընդոտում են սիրիական բանակի մուտքը շրջան:
3.Կասկածից վեր է, որ սիրիական կառավարական ուժերի առաջխաղացումը դեպի քրդերի կողմից վերահսկվող շրջաններ ավելի արագ է ընթանալու, քան թուրքական բանակի և հովանավորյալ խմբավորումներինը(«Սիրիական ազգային բանակ»). եթե առաջին դեպքում կառավարական ուժերին դիմավորում են ջերմորեն, ապա երկրորդ դեպքում քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի(SDF) զինյալները լուրջ դիմադրություն են ցուցաբերում: Արդեն առաջիկա օրերին Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում թուրքական բանակին և հովանավորյալ խմբավորումներին կդիմավորեն սիրիական կառավարական ուժերը:
4.Թուրքիան, կարծես, կարմիր գծեր է հատում՝ հավակնություններ ցուցաբերելով նաև Քոբանի շրջանի հանդեպ, ինչը հավելյալ լարվածություն է առաջացրել Անկարա-Վաշինգթոն հարաբերություններում՝ մղելով ամերիկյան կողմին առավել կտրուկ յհակազդեցության:
5.Շարունակվում է միջազգային հանրության քննադատական հռետորաբանությունը Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողության հանդեպ: Եվրոպական առանցքային դերակատարներից, ԱՊԼ-անդամ երկրներից բացի, հոկտեմբերի 14-ին Անակրայի դեմ միասնական դիրքորոշմամբ հանդես կգա նաև ԵՄ-ն:
Հ.Գ. Ինչպես և ակնկալվում էր, Սիրիայում իրադարձությունները բավական արագ են զարգանում, իրավիճակը փոխվում է ժամերի տարբերությամբ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը 3 հազար Է. Նաղդալյան
- ԵՄ խոսնակ. «Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը»
- Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փորձության են ենթարկվում Սիրիայում գործողության ընթացքում
- Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին