ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Ինչպես տեղեկացնում է ՄԻԵԴ-ը, խորհրդատվական կարծիքի տրամադրման համար հոկտեմբերի 7-ին ստեղծվել է 17 դատավորից կազմված Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար։
ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ խորհրդատվական կարծիքի խնդրանքը ներկայացվել է 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 2-ին այն ընդունվել է Մեծ պալատի հանձնաժողովի կողմից:
Նշվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի հայցադիմումի վերաբերյալ խորհրդակցական կարծիքը վերաբերում է մինչ այդ տեղի ունեցած դատավարություններին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։
Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:
Հայաստանը երկրորդ երկիրն է, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության համաձայն դիմում է խորհրդատվական կարծիքի համար։ Առաջին երկիրը Ֆրանսիան էր։ 16-րդ արձանագրությունը թույլ է տալիս այն վավերացրած երկրների բարձրագույն համարվող դատարաններին և տրիբունալներին դիմել ՄԻԵԴ՝ ստանալու խորհրդատվական եզրակացություն այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանության կամ կիրառման հետ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործով ՍԴ կողմից ուղարկված դիմումը
- ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից. ՍԴ
- ՄԻԵԴ․Հինգ դատավորներից կազմված հանձնաժողովը ՀՀ ՍԴ դիմումն ընդունելու վերաբերյալ որոշում կկայացնի
- ՄԻԵԴ-ն ստացել է Ռ․Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան